«Որպես ոչ թե ռազմական, այլ բանակցային, քաղաքական հարց՝ պետք է դնենք ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը։ Սա ոչ թե պետք է ձեւակերպենք որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային հարց։ Պետք է հետեւողականորեն շարունակենք ԼՂ-ի համար անջատում հանուն փրկության բանաձեւի իրագործումը»,-ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անջատում հանուն փրկության սկզբունքի անհրաժեշտությունը փաստում է, այդ թվում Բաքվում բացված ցուցադրությունը, որում ներկայացված են պատերազմի տառապանքները։ «Մյուս խնդիրը մեր երկրի անվտանգությունն է։ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական դաշինքն է։ Զուգահեռ մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարեփոխման գործընթացը, անցումը պրոֆեսիոնալ բանակի։ Քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորություններն ընդլայնելու հարցը եւ Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հնարավորությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել պաշտպանության բանակը՝ ռուս խաղաղապահների հետ համատեղ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կարեւոր է կոմունիկացիաների բացման թեման պահել ուշադրության կենտրոնում․ «Ես ունեմ կասկածներ, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ այս գործընթացը տորպեդահարելու եւ ՀՀ-ն շրջափակման մեջ պահելու համար։ Մենք հետեւողականորեն գնալու ենք հունվարի տասնմեկի համատեղ հայտարարության իրականացմանը, որովհետեւ մեր համար ռազմավարական խնդիր է ՌԴ-ի եւ Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը։ Սա նշանակում է, որ կարողանում ենք տրանզիտային ճանապարհ դառնալ։ Մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ