2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 187 աշակերտներ, որոնցից 36-ն արժանացել է առաջին, 61-ը՝ երկրորդ, իսկ 90-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած և անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:
Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Կարդացեք նաև
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ,
2․ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ