ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են վճարահաշվարկային տերմինալ սարքերից կատարված գողության մի շարք դեպքեր:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 34-ամյա և 36-ամյա երկու բնակիչներ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տարբեր օրերի, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով, Արմավիրի մարզում տեղադրված թվով 3 վճարահաշվարկային տերմինալ սարքերը գողանալով, դրանք տեղավորել են ավտոմեքենայի սրահում և տեղափոխել: Այնուհետև վնասելու ուղղակի դիտավորությամբ՝ միասին, պտուտակահանի և լինգի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել են վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից գողացել մետաղադրամներ և թղթադրամներ՝ պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, որ վերոհիշյալ երկու տղամարդիկ, կրկին ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2020թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03.40-ի սահմաններում, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ, կոտրել գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքը և հափշտակել գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, 34-ամյա տղամարդը, 2020թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 03:00-ի սահմաններում, միայնակ իր կողմից վարվող ավտոմեքենայով գնացել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղ և նախապես վերցրած պտուտակահանի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել է Մայրաքաղաքային փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից հափշտակել գումարներ՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Կարդացեք նաև
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) , 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 36-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին