Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ 2022թ-ից կսկսվի ադրբեջանցիների աստիճանական վերադարձը Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ:
«Հիմա ինձ համար դժվար է հստակ ժամկետներ նշել: Բայց ես հույս ունեմ, որ մյուս տարվանից աստիճանաբար հարկադիր տեղահանվածների առաջին խումբը կբնակեցվի ազատագրված տարածքներում»,- ասել է Ալիևը Բաքվում անցկացվող «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետպատերազմյան զարգացումներ և գործակցություն» խորագրով համաժողովին:
Ալիևը նշել է, որ իրենք ցանկանում են հնարավորինս արագ սկսել այդ գործընթացը: «Սակայն ամենամեծ խնդիրն ականներն են: Հայաստանը մեզ չի փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, չնայած մենք գիտենք, որ նրանք ունեն դրանք: Պատերազմից հետո ականների վրա պայթել է մեր ավելի քան 100 զինվորական և քաղաքացիական անձ, ավելի քան 20-ը զոհվել են: Ականապատ դաշտերի քարտեզների բացակայության պատճառով շատ բան կա անելու ականազերծման ուղղությամբ. դա երկար գործընթաց է և ժամանակ է պահանջում»,- ասել է նա:
Ալիևը երկրորդ կարևոր խնդիրը համարել է «հասցված վնասի հաշվարկը», ինչն արդեն սկսվել է: «Մենք նախատեսում ենք Հայաստանի դեմ դիմել միջազգային դատարաններ: Ուստի մենք գույքագրում ենք ավերածությունները»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ