Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնարկ է եղել այն մասին, որ պետք է լինի ոչ միայն 5+2 տարածքների վերադարձ, այլ 7 տարածքների վերադարձ»․ Փաշինյան

Ապրիլ 14,2021 11:08

«Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին եւ դրանից հետո։ Տեղի է ունեցել այն, որ վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի եւ ԶՈՒ ԳՇ-ի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաեւ ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի․ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները»,-ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Հետո զանգել եմ ՌԴ նախագահին ու ասել, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների 5+2 ձեւաչափի վերադարձի պայմանով։ Պայման, որը նախկինում էլ միջնորդների կողմից առաջարկվել է ՀՀ-ին տարբեր ձեւաչափերով։ Մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ նախագահի հետ։ Արձանագրել ենք, որ նրա հետ ընդհանուր ձեւակերպում ունենք։ Ասել եմ, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցի հետ կապված առարկություն չենք ունենա, եթե հարցը կապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման գործընթացի հետ։

Հետո ՌԴ նախագահը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկն ու պահանջը, երկրորդ՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների՝ այդ թվում Շուշի վերադարձի հարցը չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ, եւ որ նախկինում չեմ ասել, նաեւ ակնարկ է եղել այն մասին, որ պետք է լինի ոչ միայն 5+2 տարածքների վերադարձ, այլ պետք է լինի յոթ տարածքների վերադարձ։ Սա ինչու եմ նշում, որովհետեւ Ադրբեջանը պատերազմից առաջ եւ ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը։ Սա եղել է 2016թ․-ի 4-օրյա եւ 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։ Սա եմ նկատի ունեցել սեպտեմբերի 27-ին՝ այս ամբիոնից հայտարարություն անելով»։

Ապա Նիկոլ Փաշինյանը մեջբերեց մինչեւ պատերազմը մի քանի տարիների ընթացքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարություններն ու հարցազրույցները, որոնք, իր խոսքով, փաստում են այն մասին, որ գտնվել ենք նախապատերազմական, կարմիր գծերը հատած վիճակում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930