Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ցինկեր. Ամբողջ աշխարհում, այո, անում են հաղթանակի զբոսայգիներ, բայց ոչ ադրբեջանցիների արածի նման. «Հրապարակ»

Ապրիլ 14,2021 11:00

Բաքվում արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության եւ սովորական ֆաշիզմի դրսեւորում է։ Ճիշտ է՝ այդ ծայրահեղ անմարդկային, անպատիվ քայլն անարձագանք չմնաց․ կարելի է ասել, որ միջազգային ողջ հանրությունը դատապարտել է Իլհամ Ալիեւի պուրակը՝ հայ զոհված զինվորների սաղավարտներով զարդարված։ Թեմային անդրադարձել են «France 24»-ը «The Guardian»-ը, «Bloomberg»-ը, «Freedom House»-ը։ Շատերն Ալիեւին համեմատել են Սադամ Հուսեյնի ու Հիտլերի հետ։ շ

Ի՞նչ կարելի է անել հաղթանակից հետո չափն ու սահմանը կորցրած բռնապետին կարգի հրավիրելու, նրանց համար իրավական հետեւանքներ հարուցելու համար։ Հարցն ուղղեցինք Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերին։ Չէ՞ որ հրեա ժողովուրդը հոլոքոստ է տեսել եւ ռասիզմի ամենամեծ զոհերից է համարվում աշխարհում։

– Այնուամենայնիվ, չնայած լրատվական ու իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքներին, միջազգային հանրությունը, Ձեր կարծիքով, չպե՞տք դատապարտի Ադրբեջանին։

– Նախ՝ իմ անդրադարձը․ փաստորեն, Ադրբեջանն ի ցույց դրեց իր երկրի ներսում պետական մակարդակով տարվող հայաֆոբիան, թշնամանքի քարոզչությունը։

Ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել, որպեսզի այդ ամենն անհետեւանք չմնա, եւ Հայաստանի արձագանքին միանա նաեւ ողջ աշխարհը։ Ասեմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե հայկական կողմը կկարողանա՞ այդ մասին տեղեկացնել։ Կան համընդհանուր, համամարդկային սկզբունքներ։ Ինչպիսին է, օրինակ, անհապաղ հավաքել արեւմտյան երկրների դեսպաններին, ասուլիս հրավիրել, պատմել։ Շատ ակտիվ աշխատանք, որին, ցավոք, Հայաստանը շատ մեծ ուշադրություն չի հատկացնում։ Հիմնականում այս բնույթի տեղեկատվական նյութերը հայկական մամուլում շատ քիչ են։ Շատ քիչ են նաեւ միջազգային մամուլում։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ մասին պետք է գոռալ։ Նման պուրակի ստեղծումը նորմալ մարդկանց գլխում չէր կարող ծագել։ Ամբողջ աշխարհում, այո, անում են հաղթանակի զբոսայգիներ, բայց ոչ ադրբեջանցիների արածի նման։ Եվ դրանից հետո նրանք ցանկանում են Հայաստանի հետ ինչ-որ խաղաղության պայմանագի՞ր, ինչ-որ համագործակցություն եւ այլն, եւ այլն։ Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր այդ՝ հայատյաց քաղաքականությունը եւ ամեն հայկականությունը ոչնչացնելու իր այդ թշնամանքը, ոչինչ այս մեռյալ կետից չի շարժվի։ Եվ սա պետք է տարփողել ողջ աշխարհով մեկ, ցույց տալ։

Ի դեպ, Ալիեւի այս հայտարարությունների մի մասն իբրեւ թե այն մասին է, որ նա շատ «խաղաղասեր» է։ Եվ կարող եմ ասել, որ Ադրբեջանն այնքան էլ հաղթող չէ։ Նախ՝ շատ-շատ ադրբեջանցի զինվորականներ են զոհվել․ երիտասարդ, ոչ այնքան երիտասարդ, եւ սրա մասին ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի։

Երկրորդ․ Ադրբեջանը մասամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը, քանի որ այսօր այնտեղ ավելի շատ Թուրքիան է ղեկավարում։ Սկսած զինված ուժերից, որոնք անցկացնում են ադրբեջանական բանակի ուսումնառություն, վերջացրած տնտեսական նախագծերով։ Եվ, մի կողմից, Ալիեւն իր նման՝ մեծ հաղթանակների մասին սեփական ժողովրդին է պատմում, որպեսզի բարձրացնի մարտական ոգին, մյուս կողմից՝ նա փորձում է միջազգային հանրության համար թվալ «սպիտակ եւ փափկամազիկ», որը հանդես է գալիս հանուն խաղաղության։

Եվ ինձ թվում է, որ նման պուրակի ստեղծումը դիսոնանսի մեջ է մտնում նրա այլ հայտարարությունների հետ։ Բայց այս հայտարարություններն Ադրբեջանի ղեկավարության իրական դեմքն են։ Եվ սրա մասին է, որ պետք է խոսել ամբողջ աշխարհում։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930