«ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ երկու երեք օրում պետք է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Պաշտոնապես ասեմ, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետն իրականության հետ աղերս չունի»,-ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով․ «Նա չի ասել նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Հակառակը, ասել է (խոսքը սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստի մասին է), որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի։ Ընդգծում եմ՝ ԳՇ պետն անվտանգության խորհրդում հայտարարել է, որ մինչեւ վերջ կկատարի։ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել մի պարզ պատճառով՝ օգոստոսի 21-ին ԱԽ նիստի զեկույցում հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումները եւ ջախջախել նրա խմբավորումները»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ․ «Մենք ամենաբարձր մակարդակով երեք անգամ ունեցել ենք հրադադարի վերաբերյալ պաշտոնական պայմանավորվածություններ։ Հրադադարը չի պահպանել Ադրբեջանը՝ Թուրքիայի հայտարարությունների ֆոնին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ