«Ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցերին անդրադառնալիս «ՀՀ»-ն նշել էր, որ Թուրքիայի քաղաքականությունը հաշվի առնելով՝ այս երկիրը Պակիստանի օրինակին կհետեւի, այն է՝ խաղաղ ատոմի ներդրման միջոցով միջուկային զենք կունենա։ Թուրքիայի նախագահը, ի դեպ, երբեք չի թաքցրել այդ ցանկությունը եւ բազմիցս է արտահայտվել հրապարակավ։ Օրինակ՝ դեռ 2019 թ. ասել էր, թե «որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարեւանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, եւ որեւէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող»։ Հետո հավելել էր, թե անընդունելի է Թուրքիայի՝ միջուկային զենք չունենալը։
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանը, որը տվյալներ տրամադրեց իր՝ դեռ 2019 թ. թուրքական միջուկային հեռանկարներին առնչող հետազոտությունից, դեռ ավելի վաղ՝ 2014 թ. աշնանը հրապարակած «2023 թ. միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հավակնության շուրջ» հոդվածում նշել էր, որ Թուրքիան գնում է միջուկային զենք ունենալու ճանապարհով։ Թուրքագետը վստահ է, որ միջուկային Թուրքիայի հեռանկարը բավականին իրատեսական է: Ուստի պետք է հասկանալ, թե որը պետք է լինի Հայաստանի՛ անելիքը…»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում