Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը տարբեր հարցերում ձախողեց այս պատերազմը. The Organization for World Peace

Ապրիլ 14,2021 10:14

«Ամերիկայի ձայն». The Organization for World Peace կազմակերպությունը վերջերս հրապարակել էր կառույցի փորձագետ Մարիա Մանե Հակոբյանի հեղինակությամբ ԼՂ վերջին պատերազմին ու հետպատերազմյան Հայաստանին առնչվող կարճ մի զեկույց: Ամերիկայի ձայնը զրուցեց հրապարակման հեղինակի հետ

Հայաստանն այսօր առերեսվում է վերջին պատերազմում կրած պարտության հետևանքների հետ, իսկ երկրի ազգաբնակչությունը վերապրում է ազգային լուրջ տրավմա և հետպատերազմյան ընկճվածություն, գրում է Հանուն համաշխարհային խաղաղության կազմակերպության զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանի պարտության ներքին և արտաքին հանգամանքներին ու ստեղծված հետպատերազմյան իրավիճակին:

«Հնարավորության պարագայում անհրաժեշտ է ամեն կերպ խուսափել պատերազմից: Այս պատերազմում մենք կորցրեցինք շատ ու շատ երիտասարդներ»,- ասում է զեկույցի հեղինակ, երիտասարդ վերլուծաբան Մարիա Մանե Հակոբյանը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի դիվանագիտությունը ձախողվեց, և Թուրքիան, օգտվելով հանգամանքներից, ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին՝ տրամադրելով ժամանակակից զինատեսակներ և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան տակտիկական օժանդակություն: Բացի այդ, ըստ հրապարակման, Անկարան Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխեց մի քանի հազար վարձկանների: Թուրքիայի ներգրավումն այս պատերազմում չափազանց զգայուն թեմա է, ասում է զեկույցի հեղինակը՝ շեշտելով, որ այն խորացրեց հայերի՝ նախկինում վերապրած հոգեբանական տրավման:

«Դա պարզապես մի երկրի աջակցությունը չէր մեկ այլ երկրի: Դա մի երկիր է, որը իրականացրել է ցեղասպանություն, չի ընդունում դա, և այժմ կրկին գործում է նույն ոճով»,- ասում է զեկույցի հեղինակը:

Փոխարենն, ըստ հրապարակման, Հայաստանը այս ծանր պատերազմի օրերին մնաց միայնակ: Միջազգային խոշոր կառույցները, ներառյալ ՄԱԿ-ը, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, իսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, ըստ հեղինակի, անտեսեց Հայաստանի շահերը:

«Ռուսաստանի նպատակն էր դուրս բերել Թուրքիային ընդդեմ ՆԱՏՕ-ի, ուստի կարծում եմ՝ ռուսական կողմը ստորադասել էր Հայաստանի շահը` Թուրքիային իր կողմը քաշելու համար»,- ասում է Հակոբյանը:

Արտաքին գործոնների հետ մեկտեղ, հրապարակումն անդրադառնում է նաև պարտության այլ հանգամանքների: Ըստ զեկույցի՝ Հայաստանի կառավարությունը տարբեր հարցերում ձախողեց այս պատերազմը: Հայաստանում կարծում էին, որ 1994 թ-ի պատերազմում գրանցած հաղթանակը հավերժ է, մինչդեռ Ադրբեջանը լավ նախապատրաստված էր՝ տարիներ ի վեր ներդրումներ կատարելով ռազմական ոլորտում:

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանը պատրաստ չէր նման պարտության, քանի որ հայ հանրությունը պատերազմի օրերին ապակողմնորոշվել էր պետական քարոզչության կողմից, որը հանրությանը սնում էր թյուր ընկալումներով, որ Հայաստանը հաղթում է և հաջողությունը շատ մոտ է:

Հակոբյանի հեղինակությամբ հրապարակումն ընդգծում է՝ Հայաստանը պարտվել է, քանի որ իրականությանը նայելու փոխարեն, ավելի քան երկու տասնամյակ երկրի ղեկավարությունը առաջնորդվում էր գաղափարական, քաղաքական, կուսակցական և նաև անձնական նկատառումներով: Զեկույցը մեջբերում է պատմաբան և նախկին պետական այր Ժիրայր Լիպարիտյանի խոսքերը, ով ընդգծել էր, որ Հայաստանը պարտվեց ռազմավարական մտածողության բացակայության արդյունքում՝ չնկատելով ուժերի հարաբերակցության փոփոխությունն ու հրաժարվելով ընդունել այն փաստը, որ ժամանակն աշխատում է հակառակ Հայաստանի շահերի:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930