Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան»

Ապրիլ 14,2021 13:00

Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է պատանի հանդիսատեսի կապը դասական երաժշտության հետ, անցկացնելով «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը։ Շուրջ 20 տարի դիրիժոր Թոփչյանի նախաձեռնությամբ մենակատարի կարգավիճակով ֆիլհարմոնիկի հետ հանդես են գալիս երաժշտական դպրոցների շնորհալի պատանի երաժիշտները։

Տեղեկացնենք, որ «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» առաջին համերգը կայացել է 1947թ.։ Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը ընդհատվել էր եւ, փաստորեն, շարունակություն ունեցավ մաեստրո Թոփչյանի շնորհիվ։ Համերգներն ուղեկցվում են մատչելի զրույցներով՝ ներկայացնելով դասական նվագախմբային երաժշտության առանձնահատկությունները, գաղտնիքները եւ այլն։ Հասկանալի պատճառներով ծրագիրն ավելի քան մեկ տարի ընդհատվել էր։ Ապրիլի 12-ից ֆիլհարմոնիկը վերսկսեց «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը՝ «Դո-ից Սի» խորագրով։

«Դո-ից Սի»-ի մեկնարկային  համերգը

«Առավոտին» մաեստրոն հայտնեց, որ վերսկսված ծրագիրը կանցկացվի յուրաքանչյուր երկուշաբթի, ցերեկային ժամերին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ «Այս համերգային կրթական ծրագրի ժամանակ, վստահ եմ, որ կստեղծվի առանձնահատուկ մթնոլորտ, որտեղ մեր երեխաները կկարողանան լսել, վայելել դասական երաժշտություն։ Այս նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության եւ Dasaran կրթական ծրագրի հետ համագործակցելով։ Ի դեպ, համերգներն անվճար են հանրապետության բոլոր դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտների եւ ուսուցիչների համար»,- նշեց մաեստրոն։

Նա հավաստիացրեց, որ այս տարվա ֆիլհարմոնիկի կրթական ծրագրերում ներառված է նաեւ Լեոնարդ Բերնսթայնի «Young Peoples Concerts» համերգաշարի հեռուստացուցադրությունը, որի իրավունքները վերջերս են ձեռք բերվել։ Համերգաշարի միջոցով դիրիժորը նվագախմբի հետ միասին գրավիչ ձեւով փոքրիկ ունկնդիրներին ներկայացնում է, բացատրում ներկայացվող նյութը։ Ըստ էության Բերնսթայնի համերգաշարի նպատակը նույնն է, ինչ «Դպրոցականի ֆիլհարմոնիայինը»։

«Դո-ից Սի» կրթական ծրագրի առաջին համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, որի հավաստմամբ՝ ընտրել են երեխաներին մատչելի ծրագիր, այդ թվում՝ Արամ Խաչատրյան՝ «Վալս», Կարեն Խաչատրյան՝ հատվածներ «Չիպոլինո» բալետից, Մոցարտ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը, Բախ՝ Արիա Թիվ 3 սյուիտից եւ Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները»։ Դիրիժորը հիշեց իր դպրոցական տարիները, երբ առաջին անգամ մեծանուն ջութակահար Դավիթ Օյստրախին լսել է հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Իսկ արդեն տասնամյակներ անց՝ 2009թ., «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» շրջանակներում երեխաներին սեփական նախաձեռնությամբ ներկայացրել է Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբի հետ։

«Այդ համերգը ղեկավարել եմ անվանի դիրիժոր Գեւորգ Բուդաղյանի անվանական դիրիժորական փայտիկով՝ զարդարված արծաթե դրվագներով, որի վրա փորագրված է 1931թ. եւ դիրիժորի անունը։ Այն ինձ նվիրել է դիրիժորի որդին՝ երաժշտագետ Արմեն Բուդաղյանը։ Հրաշալի է ֆիլհարմոնիկի կողմից «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» վերսկսելը։ Երեխաները դասական երաժշտության հետ հաղորդակցվելու միջոցով իրենց համար շա՜տ հետաքրքիր բացահայտումներ կանեն։ Ո՞վ գիտե, գուցե նրանցից ոմանց համար դա ճակատագրական դառնա»,- հայտնեց Ռուբեն Ասատրյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930