Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպիսին էին «Պատերազմի աչքերը». Դավիթ Ղահրամանյանի ցուցահանդեսը

Ապրիլ 14,2021 12:30

Օրերս Երեւանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Պատերազմի աչքերը» ցուցահանդեսի բացումը։

Լուսանկարիչը ցուցադրության է ներկայացրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ արված լուսանկարները, որոնցից շատերն առաջին անգամ են մարդիկ տեսնում։

Ընդհանուր առմամբ ներկայացվել է շուրջ 100 լուսանկար՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թեժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաեւ թիկունքը՝ ավերված քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ: «Այս լուսանկարներից յուրաքանչյուրը պատմություն է՝ մեր ապրած ու չապրած օրերի, մեր կորուստների, ցավի, սպասումի եւ միաժանակ՝ ապրելու վճռականության մասին: Այս լուսանկարները մեծ ասելիք ունեն մեզ ու աշխարհին»,- իր ելույթում նշել է Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն, երիտասարդ գրող Հերմինե Ավագյանը:

Ելույթներ են ունեցել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանը, Դավիթի լուսանկարներում պատկերված, զոհված հերոսներից մեկի՝ Կոլյա Նիկողոսյանի ծնողները:

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ազգային-հայրենասիրական երգերով։ «Պատերազմի օրերին տարբեր մարդիկ ինձ ասում էին՝ ինչ լավ ֆոտոներ ես անում։ Ես էլ պատասխանում էի՝ երանի չլինեին այդ ֆոտոները, կամ խաղաղության, սիրո մասին պատմեին»,- ասել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

Մեզ հետ զրույցում Դավիթը նշեց, որ մեծ նպատակներ ունի, որոնց հասնելու ճանապարհին ջանք ու եռանդ չի խնայում։ Դրանցից մեկը արտերկրում սեփական լուսանկարների ցուցադրությունն է, որի համար պահանջվող ֆինանսական միջոցներ չունի։ Ասում է` եղել են առաջարկներ, որ լուսանկարները վաճառի, բայց չի համաձայնել։ Պատճառը այն է, որ թեման պատերազմն է, ոչ թե խաղաղությունը, բնությունը։ Ինքն իրեն թույլ չի տալիս վաճառել պատերազմական թեմաներով լուսանկարները։

Ինչպես տեղեկացրեց Հերմինե Ավագյանը` ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 18-ը, իսկ հաջորդ ցուցահանդեսը կկայանա Ստեփանակերտում:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են Սաթենիկ Պետրոսյանն ու Հերմինե Ավագյանը:

«Առավոտ» օրաթերթ
13.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930