Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային թանկարժեք «գանձն» ու Պուտինի տեսլականը

Ապրիլ 14,2021 12:00

Հայաստանը շահագրգռված է զենքի եւ զինամթերքի առաքմամբ Հայաստան՝ «նույն կազմաձեւով, ինչ ՌԴ  Զինված ուժերի համար»

Հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերություններում լուրջ գործընթացներ են ծավալվում: Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքից դիրքորոշման կարծրացմանը զուգահեռ նկատելի է Ռուսաստանի կողմից ակտիվ հակազդման քաղաքականություն:

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ հարցազրույցներ տվեց ռուսաստանյան լրատվականներին: «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Փաշինյանը նախ արձանագրեց, որ Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի հետ լայն եւ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքում, միջպետական երկկողմ համաձայնագրերի համաձայն, ստեղծվել եւ գործում է հայ-ռուսական երկու խմբավորում՝ Միավորված ուժերի խմբավորում եւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ, եւ, բացի այդ, երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ պետություններ են, որի ձեւաչափով ստեղծվել են նաեւ զորքեր (հավաքական ուժեր) եւ միավորված խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից եւ համատեղելի զենք եւ զինամթերք՝ առաջին հերթին ՌԴ եւ ՀԱՊԿ-ի այլ դաշնակիցների հետ միասին»,- ասել է նա: Փաշինյանն արձանագրել է, որ ՀՀ-ն շահագրգռված է նաեւ զենքի եւ զինամթերքի առաքմամբ Հայաստան «նույն կազմաձեւով, ինչ ՌԴ Զինված ուժերի համար»: Նա հավելել է, որ զենք ձեռք բերելու համար ռուսական նոր վարկի եւ Երեւանի կարիքների հարցով որոշումներ են կայացվելու՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք այժմ իրականացվում են. «Այս փուլում ես հիմք չեմ տեսնում քննարկելու ֆինանսավորման աղբյուրները եւ կառուցվածքը՝ այն նպատակներից եւ խնդիրներից տարանջատված, որոնք ենթադրվում են բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, բնականաբար, դրանք պատշաճ եւ ժամանակին կսպասարկվեն»:

Իսկ հարցին՝ արդյոք Հայաստանը նախատեսում է շարունակել գնել ռուսական զենք, մասնավորապես` «Սու-30ՍՄ» կործանիչներ եւ սպառազինություն այդ ինքնաթիռների համար, Փաշինյանը պատասխանել է. «Ձեր նշած օդանավի տեսակի վերաբերյալ ես նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, եւ նախատեսվում է դրանց գնում ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»:

Իր կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու ֆոնին Մոսկվա մեկնող Փաշինյանը հղեց կարեւոր ուղերձ այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հարուստ են ու լայնածավալ, եւ որ այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից:

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կլինեն ՀՀ առաջնահերթություններից

Մոսկվա մեկնող Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմեց, թե ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հայտնեց, որ Պուտինի հետ հանդիպման օրակարգում լինելու են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերը։ «ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի Զինված ուժերում այժմ արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք եւս իրականացվում են Ռուսաստանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջող կշարունակվի, ինչում մեծապես շահագրգռված է Հայաստանի կառավարությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է, եւ բանակը՝ կառավարության հետ միասին, լիարժեքորեն շարունակելու է երկրի անվտանգության ապահովման ու ամրապնդման ուղղությամբ քայլերը», փաստեց նա։ Փաշինյանն արձանագրեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել եւ շարունակելու են մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից։

Անդրադառնալով հարցին, թե հայտարարված Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում ՌԴ-ի հետ սերտ համագործակցություն հաստատելու մտադրության եւ հայ-ռուսական զորքերի ռազմական խմբավորման ուժեղացման անհրաժեշտության շրջանակներում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, Փաշինյանը հայտնեց. «Արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումների, եւ, բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ, իսկ փորձագիտական մակարդակում արդեն իսկ հաստատվել են անհրաժեշտ կապեր»:

Քննարկվում են տրանսպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից անցկացվող քննարկումներում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով արդյոք նախագծվե՞լ են ճանապարհային քարտեզները, եւ ճանապարհների ապաշրջափակումը որքանո՞վ օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Փաշինյանը նույն հարցազրույցում այս առնչությամբ նկատել է, որ մինչ օրս քննարկվել են հարցեր, որոնք բխում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաեւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերից: «Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների հարցերով եւ փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով: Այս պահի դրությամբ արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, եւ աշխատանքները պետք է շարունակել:

Աշխատանքային խումբը ձեւավորվել է այն միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի ուսումնասիրության համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքները: Բնականաբար, քննարկվում են տրանսպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերը, ինչը կնպաստի ՀՀ տարանցիկ ներուժի ավելացմանն ու տարածաշրջանում առեւտրային կապերի զարգացմանը»,- ասել է նա։

Վերջին շաբաթներին հատկապես առավել ինտենսիվ կերպով էին Ադրբեջանից հնչում հայտարարություններ՝ Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջեւանին, ապա Թուրքիային կապող ուղիների բացման կարեւորության մասին: Դրանք ակնհայտորեն ուղղված էին եռակողմ բանակցությունների «մրցավար» Ռուսաստանին: Ակնհայտ է նաեւ, որ պաշտոնական Բաքուն նպատակ է հետապնդում Հայաստանի կողմից զիջումներ կորզել՝ կոմունիկացիաների բացման հարցում՝ գերիների վերադարձի խնդրի քննարկումների դիմաց։ Դատելով Փաշինյանի զույգ հարցազրույցներից՝ Հայաստանը, չնայած որ լուծված չէ ռազմագերիների վերադարձի խնդիրը, այնուամենայնիվ, պատրաստ է շարունակել բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ եւ շարունակում է:

Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, ասում է Պուտինը

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Փաշինյանը Կրեմլում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն «ամենաակտուալ» ու «ամենասուր» խնդիրը մատնանշեց` Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի կարգավորման հարցը:
«Հայաստանի տնտեսության կապիտալ ներդրումների 40 տոկոսը ունեն ռուսական ծագում», «ունենք պատկառելի առեւտրաշրջանառություն», «ամենամոտ ապագայում կարող ենք ոչ միայն վերականգնել այդ մակարդակը, այլ նաեւ շարժվել առաջ», վստահեցրեց Պուտինը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը Հայաստանին զարգացման նոր հնարավորություններ կտա, նշեց Վլադիմիր Պուտինը. «Իհարկե, կարեւոր բաղադրիչ է տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների եւ առեւտրատնտեսական կապերի վերականգնման հնարավորությունը, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով՝ դա չափազանց կարեւոր բան է»: Պուտինը նաեւ վստահեցրել է. «Համոզված եմ, որ մենք առաջիկայում կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլ առաջ շարժվել»: Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ:

Հետաքրքրական էր միջկառավարական հանձնաժողովին Պուտինի անդրադարձը: «Դուք ամենաակտիվ կերպով աջակցում եք նրա գործունեությանը, եւ մեր փոխվարչապետ Օվերչուկը պարբերաբար լինում է Ձեզ մոտ` Երեւանում: Բոլորովին վերջերս նրան ընդունեցիք, նա նաեւ Ձեզ զեկուցեց, թե ինչպես է տեսնում ամբողջ տարածաշրջանում փոխհարաբերությունների հետագիծը: Մենք բազմիցս քննարկել ենք այս թեման: Իհարկե, ամենակարեւոր բաղադրիչը տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով, սա չափազանց կարեւոր է»,- շեշտեց Պուտինը:

Փաշինյանն իր հերթին նախ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարեւոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար: Փաշինյանը հույս հայտնեց Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ նրա տեսլականը, Պուտինի անձնական ավանդը՝ «մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո»:

Փաշինյանը որպես կարեւոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել, մատնանշեց՝ ռազմագերների, պատանդների եւ պահվող այլ անձանց խնդիրը: «Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները եւ պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց, ցավոք, մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որեւէ տարակարծություն: Շատ կարեւոր է նաեւ մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ, ցավոք, խնդիրը լուծված չէ եւ մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք»:

«Փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին»

Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացիայի» մի քանի տասնյակ անդամների հետ հանդիպմանը Փաշինյանը գոհունակություն հայտնեց Պուտինի հետ հանդիպումից, գնահատելով այն՝ «արդյունավետ»:

«Փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերի հետագա իրագործման մասին: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաեւ այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր եւ համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասաց Փաշինյանը`հավելելով. «Տեղյակ եք, որ պատերազմից հետո մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարեւորագույն հարցերից մեկը: Իհարկե, քննարկել ենք նաեւ գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք»:

Փաշինյանը շեշտեց նաեւ, որ ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է եւ այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաեւ հաշվի առնելով արդի մարտահրավերները: Իսկ ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` հայտնեց, որ գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ այս ուղղությամբ եւս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են: Փաշինյանի խոսքով` ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:

Օր օրի ամրացող թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցությանը զուգահեռ Փաշինյանն իր մոսկովյան այցով փորձ արեց ի ցույց դնել հայ-ռուսական ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները: Եթե թուրք-ադրբեջանական հարաբերություններում ռազմաքաղաքական խորը համագործակցության վերաբերյալ ստացվում են նորանոր տեղեկություններ, ապա Փաշինյանի մոսկովյան հայտարարությունները նախ տեղավորվում էին նախընտրական շրջանակի մեջ: Հայ-ռուսական նոր պայմանավորվածությունների արդյունքները եւս ապագայում Փաշինյանը կօգտագործի ներքաղաքական կյանքում:

Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի խնդրին, ապա Ադրբեջանի իշխանությունների կողմից դրա սակարկումը գալիս է ապացուցելու մի անհերքելի իրողություն՝ աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ու եռակողմ հայտարարության ստորագրումից ձեռքբերածից հետո թուրք-ադրբեջանական տանդեմն ապացուցում է, որ իրենց համար, այսպես ասած՝ թանկարժեք «գանձը» դա՝ «տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման» գեղեցիկ արտահայտության ներքո Հայաստանից ակնկալվող զիջումներն են՝ ՀՀ տարածքային ամբողջականության հաշվին: Հայ-ռուսական վերջին բանակցությունների ամենակարեւոր դրվագն, ըստ ամենայնի, հենց այս հարցում Պուտինի տեսլականի ճշգրտումն է եղել:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930