Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»

Ապրիլ 14,2021 13:30

1999 թվականից սկսած դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքը չի փոխվել, սակայն սոցիալ-տնտեսական պայմանները մոտ չորս անգամ փոխվել են: Ըստ արդարադատության փոխնախարարի, 2018-ին դատարանների վրա փաստացի իրականացվել են մոտ 9 մլրդ դրամի ծախսեր, իսկ եկամուտները կազմել են 1.7 մլրդ: Ըստ այդմ, սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ, Առաջին ատյանում սահմանվել է 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ առավելագույնը 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ:

Հայաստանի փաստաբաններն այս օրերին ակտիվ քննարկումներ էին ծավալել պետտուրքի հետ կապված: Նրանք ակտիվ են նաեւ սոցիալական ցանցերում: Նրանք կիսում են իրենց գրառումները ոչ միայն դատական առանձին գործերի վերաբերյալ, այլ հայտնում են կարծիքներ, դիտարկումներ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության վերաբերալ: Երբեմն, որպեսզի լրատվամիջոցերին առանձին-առանձին չհայտնեն հատկապես հնչեղ դատական գործընթացների իրենց մասնակցության մասին, նրանք կիսվում են հանրային գրատախտակի՝ ՖԲ էջերի վրա:

Ներկայացնում եմ առավել ուշագրավներն առանց մեկնաբանության:

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդեն իսկ թույլ է տվել դատավարական օրենքի թվով 3 ակնհայտ կոպիտ խախտումներ:

1. Լոռեցյանի ազատության հարցի առաջին անգամ քննարկումն իրականացրել է դռնփակ դատական նիստում, ինչը որպես խախտում արձանագրեց նաեւ Վերաքննիչ դատարանը:

2. Չթույլատրեց ամբաստանյալներից մեկին ապացույց հետազոտելիս տալ որոշակի բովանդակությամբ ցուցմունք, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ ամբաստանյալն իրավունք ունի ապացույցներից յուրաքանչյուրը հետազոտելիս ՑԱՆԿԱՑԱԾ պահի տալ ցուցմունքներ:

3. Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ չքննեց ԱՆՀԱՊԱՂ քննության ենթակա Լոռեցյանին ազատ արձակելու մասին արդեն իսկ ներկայացված միջնորդությունը՝ հակառակվելով Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2018թ. թիվ ԵԷԴ/0063/01/17 որոշմամբ ձեւավորված նախադեպին, համաձայն որի՝ անձի ազատության իրավունքին վերաբերող եւ դատական նիստի ընթացքում ներկայացված միջնորդությունը անհապաղ չքննելը, չի կարող արդարացվել աշխատանքային օրվա ավարտով: Դատավորը անկեղծորեն հայտնեց, որ տեղյակ չէ այդ որոշման գոյության մասին:

Նման ակնհայտ ու կոպիտ խախտումներն են, որ հեղինակազրկում են ՀՀ դատական համակարգը, ինչի արդյունքում հասարակության մեջ կորում է հավատը արդարադատության նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է նույնիսկ բարձր վարկանիշ ունեցող «կալիբրով» դատավորների կողմից կատարված որակյալ աշխատանքի ճիշտ չըմբռնմանը հանրության կողմից:

Մենք, իհարկե, կքննարկենք դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելու նպատակահարմարության հարցը, սակայն հուսով եմ, որ պարոն Գաբրիելյանը կվերադառնա իրավունքի դաշտ, իր հանգստի իրավունքի հարցը չի գերադասի քաղաքացու ազատության իրավունքի հարցից ու չի շարունակի փորձել ամեն գնով հաճոյանալ դատախազությանը:

Իսկ Գեւորգը, ի զարմանս նրանից երես թեքած «ընկերների», արդարացվելու է!!!!

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ
ՀՀ ՍԴ-ի ՍԴՈ-1586 որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները: Նախ՝ 2018թ-ից փաստաբան Ա. Վարդեւանյանի փաստարկները տեւական քննարկումներից հետո ինձ համոզեցին, որ ՀՀ քրօր-ի 300.1-րդ հոդվածի ամենամեծ դեֆեկտը բլանկետային նորմի մեջ է (սկզբում այն համարում էի տեխնիկական փաստարկ, քանի դեռ ավելի խորությամբ չուսումնասիրեցի բլանկետային նորմերի տեսական հիմքերը):

Ավելին, ՍԴ-ն այս հոդվածը հակասահմանադրական ճանաչեց ոչ միայն բլանկետային նորմի մասով, այլեւ՝ «իրավական համակարգում փաստացի վերացնել» ձեւակերպման անորոշության մասով:

Շնորհավորում եմ Արամ Վարդեւանյանին. այս տարիների քրտնաջան ու սրտացավ աշխատանքը իրեն արդարացրեց:

Երկրորդ՝ ՍԴ այս որոշումը գործնականում ապացուցեց, որ իրավունքի տեսությունից ավելի պրակտիկ ոչինչ չկա: ՍԴ որոշման մեջ «բլանկետային նորմ», «դեֆինիտիվ նորմ», «իրավունքի համակարգ», «իրավական համակարգ» հասկացությունները մեկնաբանված են իրավական դոկտրինի հիման վրա:

ՍԴ-ն եւ դատարանի աշխատակազմը ինձ հնարավորություն տվեց այս Որոշման օրինակով ուսանողներին առարկայական ներկայացնել «Իրավունքի տեսություն» դասընթացի գործնական արժեքը:

ՄԱՐԻՆԵ ՖԱՐՄԱՆՅԱՆ
Օրեր շարունակ, առանց հանրահայտ ՍԴ որոշումը կարդալու, իրենց իրավաբան հռչակած որոշ անձինք իբր «փորձագիտական» կարծիքներով ողողել են համացանցը, իսկ լրատվամիջոցներից շատերը գեներացրել են այդ կարծիքները որպես իրավական տեսակետ:

Այդ անձանց մի բան կասեմ. կարդացե՛ք ՍԴՈ 1586 հայտնի եւ արդեն հասանելի որոշման 10-ից 21-րդ էջերը, որտեղ ամրագրված են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի եւ Վենետիկյան հանձնաժողովի դիրքորոշումները եւ … հանգիստ նստե՛ք տեղներդ:

Իսկ իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ ամբողջությամբ: Դոկտրինալ մակարդակով վերլուծություններ են կատարված մի շարք եզրույթների մասով:

Հետաքրքիր որոշում է:

ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Ըստ ԱՆ հայտարարության՝ «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար:
Իրականում այդպես էլ կա։ ՎՕԶ-ի կայքում էլ կա։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում «արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»։
Դա նշանակում է՝ եթե այլ ճար չունեք, ուրեմն դա կիրառեք։

Ինչո՞ւ։
Որովհետեւ մինչեւ հիմա չգիտեն, թե ինչ կարող է ձեր հետ լինել դրա օգտագործումից։ Ասում են՝ արտակարգ իրավիճակներում օգտագործեք՝ մինչեւ պարզենք՝ վտանգավոր է, թե ոչ։

Մյուս պատվաստանյութերի մասին նման ձեւակերպում չկա։

ՎՕԶ-ի կարծիքով, եթե կովիդից պիտի մեռնեք, ավելի լավ ա սա սրսկվեք՝ կարող ա չմեռնեք։
Իրականում դա նախատեսված է «երրորդ» երկրների համար, որոնք փող չունեն կամ հնար չունեն այլ պատվաստանյութ ձեռք բերել։
Կփորձեք ու վերջում կասեն՝ վտանգները հաստատվեց, թե՝ ոչ։

Ճիշտ հասկացաք՝ մեզ նման երրորդ երկրի բնակիչներին օգտագործում են որպես «подопытные кролики»։
Հա, ու դրա համար մի քանի հարյուր միլիոն փող ենք տվել, որ մեր վրա փորձարկեն։

Հիշում եք արսենչիկի հայտարարությունը, որ մենք պետք է ուրախ լինենք, որ մեր նման երկրներին նման պատվաստանյութ տան եւ մեր վրա փորձարկեն։

Դե ուրախացեք։

ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆ
Մի շարք պետությունների (օրինակ՝ ԱՄՆ, Անգլիա, Հնդկաստան, Իտալիա, Վրաստան, Ուկրաինա եւ այլն) քրեական-իրավական համակարգերում գոյություն ունի «ԳՈՐԾԱՐՔ» ինստիտուտը, ըստ որի՝ մեղադրական կողմը համաձայնություն է կնքում պաշտպանական կողմի հետ, որով մեղադրող կողմը հրաժարվում է մանրակրկիտ քննություն իրականացնել ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, իսկ մեղադրյալը դրա դիմաց կատարում է որոշակի գործողություն (ավելի նվազ սանկցիա ունեցող հոդվածով մեղքը ընդունել, ցուցմունք տալ ինչ-որ մեկի դեմ, համագործակցել եւ այլն):

Կարծում եմ, որ այս ինստիտուտը, այսպես թե այնպես, գոյություն ունի աշխարհի գրեթե բոլոր երկրների իրավական համակարգերում, մի տարբերությամբ, որ երկրներ կան, որոնք այն բարձրացրել են օրենքի մակարդակի, իսկ երկրներ կան, որտեղ այն կրում է լատենտային բնույթ:

Ես կարծում եմ՝ արժեր, որ ՀՀ-ում եւս այն բարձրացվեր օրենքի մակարդակի:

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Տուր միլիոն, տուր միլիոն»:

Հիշո՞ւմ եք հայտնի կինոյի հայտնի հերոս Պանիկովսկուն, երբ ոչինչ չանելով պահանջում էր միլիոն, մինչդեռ այդ միլիոնը ստանալը պետք էր վաստակել։

Մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ հերթական պարգեւավճարն է տրվել քաղաքային բյուջեից կենտրոն վարչական շրջանի անձնակազմին, որը ստացել են բացառապես այդ շրջանի ղեկավարի սիրելիները, ընդ որում՝ «հրամանը» ստորագրել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։

Օրենքի ուժով, իսկ դա ՏԻՄ մասին ՀՀ օրենքն է, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ համայնքային բյուջեն տնօրինվում է ղեկավարի կողմից։ Ինչ վերաբերում է պարգեւավճարը բաժանել, ըստ մամուլում տպագրված տեղեկատվության, լյուբիմչիկներին, ապա քաղաքապետը կամ նրա լիազորված անձը պարտավոր է արձագանքել եւ պատասխանել երկու հարցի։

1. Պետական դիրքորոշումը նա է եղել, որ պարգեւավճարների անվան տակ աշխատավարձն է բարձրացվել, ուստի պետք է պատասխանել, թե ինչու է պարգեւավճարը բաժանվել ոչ բոլորին։

2. Եթե աշխատակազմի ղեկավարն, ով իր վրա վերցնելով քաղաքապետի գործառույթը, առերեւույթ անօրինականություն է կատարել, իսկ հրամանում նշել է, որ տան արժանավորներին, ապա որն է դրանց համար արժանավոր եզրույթը եւ որ արժանիքների համար է տրվել։

Սրանք հարցեր են, որ պետք է պատասխան տրվեն, հակառակ պարագայում լիազոր մարմինները, այդ թվում՝ իրավապահ, անելիք ունեն։

Հայաստանի քաղաքացին հեղափոխություն, թե իշխանափոխություն արեց, քանի որ հոգնել ու զզվել էր անարդարությունից, զոռբաներից, լյուբիմչիկներից, գողերից, փողոցի խուժանից։

Հիմա, եթե այն, ինչ գրում է մամուլը ու դուք չեք արձագանքում, ներկայացնում ձեր հակափաստարկները, ապա նախորդներից տարբերվում եք միայն նրանով, որ նախորդները գողանում էին, դուք բացահայտ կողոպտում եք։

ՀՈՎՍԵՓ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ վարչական դատարանի դատական ակտի ուժով (օրենքի ուժով) ՀՀ ԳՇ միակ պետը Օնիկ Գասպարյանն է, անկախ նրանից՝ որոշները ցանկանան դա, թե՝ չցանկանան:

Այդ առումով կիսագրագետ, անգրագետ, քաղաքական, իրավական, կիսաիրավական, ալենական, հովոյական, կոլոտական, թուրքական, դավաճանական, հանրային խորհրդական եւ այլ տարաբնույթ մեկնաբանությունները արեք ձեր տներում, կնանիքի կամ բոյֆրենդների կամ տաքսիստների (գլուխ գովալու համար, թե ինչքան խելոք եք կամ նիկոլ եք սիրում ու պաշտում) մոտ:

նիկոլի իրավական պոտենցիալը ակնհայտ թույլիկ է, կաղում է, դիլետանտ է…

Համակերպվեք, հարգելիներս, համակերպվեք, դուք եք եփել էս ճաշը, դուք էլ համտեսելու եք:

Հ.Գ. Ժողովուրդը մի լավ խոսք ունի` լավ է լինել գիտունին գերի, քան թե անգետին լինել սիրելի:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930