Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը կոչ է անում կողմերին վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո

Ապրիլ 13,2021 23:59

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ:

Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնում, որ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք ողջունում են զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և կյանքի համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռևս մնացած հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում `միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը և պաշտպանությունը, ինչպես նաև հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջև վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների և համագործակցության խթանումը:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում`Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ: Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան:

Հայտարարության թարգմանությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930