Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր ու հարգանք վայելող զինվորականը

Ապրիլ 13,2021 23:03

Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ` ո՞վ է հայրենասերը։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ հայրենիքը բառերով չեն սիրում։ Սիրում են քաջորդիների պես` լուռ, բայց ամբողջ հոգով ու էությամբ։

Յուրի Հայրապետյանը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է։ Ծնվել է 1997թ. օգոստոսի 25-ին։  Նախնական կրթությունը ստացել է տեղի Ազատամարտիկների անվան թ.1 դպրոցում: Ուսումը  շարունակել է Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջում:

Յուրին 2016 թվականի հուլիսի 2-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո նույն զորամասում անցել է պայմանագրային ծառայության՝ որպես դիրքի ավագ:

-Միասին անցկացրած  ամեն  րոպե հիշարժան է ինձ համար։  Նա շատ հոգատար ու  հասկացող էր, բոլորի մասին մտածող, առանց խոսքի քեզ հասկացող եղբայր էր։ Չգիտեմ, նա անփոխարինելի է…,-ասում է քույրը` Վարդուհին։

Նպատակներ ուներ, որոնց հասնելու ճանապարհը ընդհատվեց պատերազմի ժամանակ և ընդմիշտ։ Իր ապրած կյանքում նա հասնում էր այն ամենին, ինչին տենչում էր։ Վարանելը նրա համար չէր։

Քույրը պատմում է, որ Յուրիին ուղարկել էին հոսպիտալ, հիվանդ էր, բայց առանց լավանալ նա նորից մարտադաշտ է մեկնում։ Շատ նվիրված էր։ Ասում էր` չեմ կարող զինվորներիս մենակ թողնել։ Նա զինվորին թև ու թիկունք էր։

Յուրին կյանքով լեցուն էր, կյանքը վայելող, հայրենիքը սիրող, արարող, պահող, պաշտող։ Նրա կյանքի գարունները կարճ էին, բայց հաստատուն։ Ընկերները չեն մոռանում իրենց նվիրված ընկերոջ մասին, ամեն պահ ցավում են, որ էլ չեն տեսնի կենսախինդ Յուրիին։

-Այնքան հիշողություններ կան նրա հետ կապված, որ երևի օրերով պատմեմ` չի վերջանա։ Մենք միասին բժշկական քոլեջում էինք սովորում։ Որպես ուսանող նա դասախոսների համար  իդեալական տղա ուսանող էր,-ասում է կուրսընկերուհի Մարիամը` շարունակելով,-Հիշում եմ՝ մեր պատմության դասախոսը միշտ Յուկային միշտ իր հետ  տանում էր մնացած կուրսեր, մրցույթ կազմակերպում այդ խմբերի  ու Յուկայի միջև ու միշտ հպարտ խոսում Յուկայի ունակությունների մասին, թե ինչքան լավ է նա պատմություն իմանում։ Իսկ հանրահաշիվ առարկայից գրավոր աշխատանքների ժամանակ շատերս նրանից էինք արտագրում։

Դասախոսը զարմանում էր, որ տղա ուսանողն այդքան լավ գիտի հանրահաշիվ։

Երբ գնում էին հոսպիտալում  պրակտիկայի, Յուրին  այնքան ուշադիր էր նայում վիրահատությունները, միշտ բժիշկին օգնում էր հիվանդի  վերքերը  մշակել, վիրակապել։ Իսկ  ուռուցքաբանական դիսպանսերում պրակտիկայի գնալիս Յուկան բացի բժշկին օգնելուց`  հոգատարություն էր ցուցաբերում  հիվանդների նկատմամբ, ու միշտ տուն վերադառնալիս ասում, որ սրտին շատ են ազդել այդ հիվանդները։

-Բժշկությունը նրա համար էր, Յուկայի հետաքրքրությունները բժշկական ոլորտի  հետ կապված սահման չուներ։ Փորձում էր միշտ  ավելին իմանար բժշկությունից։  Երանի նա ողջ լիներ, շարունակեր իր գիտելիքներով ու հմտություններով  օգնել մարդկանց,-մեզ հետ զրույցում ասել է Յուրիի  կուրսընկերուհին։

Հոկտեմբերի 23-ին Դլղարդա կոչվող տեղամասում հերոսի մահով ընկավ նաև Յուրին։

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930