Ծանրամարտի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, չնայած Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճված երկամարտի մեկ բրոնզե եւ երկուական փոքր արծաթե մեդալներին, գոհ չէ իր սաների մրցելույթներից:
Aravot.am-ի հետ զրույցում մասնագետն ասաց. «Գոհ կլինեի, եթե Իզաբելլա Յայլյանը հրում վարժությունում իր ամենօրյա մարզումային 110 կգ-ն բարձրացներ եւ իր համար ապահովեր երկամարտի արծաթե մեդալը: Այդ ժամանակ ես կիմանայի, որ նա 100 տոկոսով ունի օլիմպիական վարկանիշ: Իսկ հիմա պետք է սպասենք մայիս ամսվան, երբ կլուծվի ուղեգրերի հարցը:
Նույնը կասեմ Տաթեւ Հակոբյանի համար: Թիմը, այդ թվում՝ նաեւ Իզաբելլան ու Տաթեւը, ֆիզիկապես պատրաստ էին այդ կիլոգրամներին: Հոգեբանորեն չկարողացան հավաքվել: Ամեն դեպքում մեկ տարի հարթակ չելնելը, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների չեղարկման պատճառով նրանց վրա բացասական էր ազդել: Մի տեսակ, ասես, հետ էին սովորել «խորթացել» էին մրցահարթակին:
Կարդացեք նաև
Լիաննա Գյուրջյանը լավ հանդես եկավ ու իր ցույց տված կիլոգրամներից մի բան էլ ավելի բարձրացրեց: Սակայն նա վարկանիշային պայքարում չէ: Լիաննան, որ ընդամենը 19 տարեկան է, Մոսկվայում իրեն դրսեւորեց որպես հեռանկարային մարզուհի եւ ապացուցեց, որ մայիս ամսին կարող է մեկնել երիտասարդների աշխարհի առաջնություն:
Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, նա ոտքի վնասվածք ուներ եւ չորրորդ տեղի համար պայքարը սպասելի էր: Այդուհանդերձ, նա նույնպես կարող էր ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ