Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հարավային Կովկասն ըստ Ադրբեջանի նախագահի

Ապրիլ 13,2021 22:33

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Նելլի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապրիլի 13-ին,  Ի. Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» ADA-ում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա) կոնֆերանսի ընթացքում հնչեցրել է մի շարք հայտարարություններ: Մասնավորապես, ահա թե ինչպես է տեսնում «Նոր Հարավային Կովկասն» Ի. Ալիևը:

✅Փաստացի Ի. Ալիևը հերթական անգամ չքողարկեց իր տարածքային հավակնություններն արդեն ամբողջ ՀՀ նկատմամբ: Առավել կոնկրետ. ենթատեքստում հնչեց հետևյալը՝ «Զանգեզուրից հետո հերթը Երևանինն է»: Վտանգավորն այն է, որ Ի. Ալիևը Զանգեզուրի օկուպացմանը վերաբերում է արդեն որպես կայացած իրողության: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից: / Իհարկե, ավելորդ չեմ համարում նշել նաև, որ միջազգային իրավունքը ադրբեջանա-ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջնականապես ցուցադրեց իր անկատարությունը/:

✅Ի. Ալիևի կողմից Պուտին-Ալիև հեռախոսազրույցի գաղտնազերծումը ռուս-ադրբեջանական առճակատման խորացման փաստի մասին է վկայում: Մասնավորապես նշվեց, որ պաշտոնական բացատրություն է պահանջվել ՌԴ-ից «Искандер-М»-ի թեմայով: Թուրքիային ամեն ելույթում վարձահատույց լինող Ի. Ալիևն ի ցույց է դնում վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա անհարթություններն` առավել լեգիտիմացնելով իր տեղափոխումը թուրքական ազդեցության դաշտ:

✅ՌԴ խաղաղապահությամբ վերահսկվող Արցախի Հանրապետության տարածքը և քաղաքացիներին Ի. Ալիևն իր ելույթում համարեց «սեփական քաղաքացիներ»: Նպատակը. հատկապես ընդդիմությանը ցույց տալու, որ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Հատկանշական է, որ ադրբեջանական ընդդիմությունը չափազանց կոշտ դիրքորոշում ունի 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախի Հանրապետության  գոյության, ինչպես նաև խաղաղապահության առկայության փաստի նկատմամբ, դրանք մշտապես շեշտվում են ի պատասխան Ի. Ալիևի այն հայտարարությունների, որ «Ղարաբաղը ազատագրված է, իսկ հակամարտությունը՝ լուծված»: Հատկանշական է, որ ադրբեջանական ընդդիմության համար սա որպես իշխանության գալու միջոց է ծառայում: Դա է պատճառը, որ Ի. Ալիևը ստիպված է ամենօրյա ռեժիմով ապացուցել, որ ԱՀ-ն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, ուստի այս ճանապարհին նա կանգ չի առնելու որևէ գործողության առջև՝ քարոզչությունից մինչև կոնկրետ գործողություններ: Վերջին օրերին հատկապես  ադրբեջանական մեդիադաշտում հրապարակումներ եղան Արցախում հակաահաբեկչական միջոցառումներ անցկացնելու ծրագրերի մասին: Սա ևս ակնկալվող սցենար է, ինչպես արդեն զգուշացրել էի իմ հարցազրույցներից մեկում:

✅Ինչ վերաբերում է Խաղաղության համաձայնագրին, որի կնքմանը իբրև թե պատրաստ է Ի. Ալիևը: Խաղաղության համաձայնագրի կնքումը 1994 թվականից սկսած տարբեր պատճառներով ձգձգող պետությունն այսօր խոսում է այն կնքելու պատրաստակամության մասին: Սա կոնտրաստային թեզ է Ադրբեջանում հայատյացության նախադեպը չունեցած շիկացած մթնոլորտի, մասնավորապես՝ գերիների վերադարձի մերժման,  Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողության տակ անցած տարածքներում հայ հոգևոր և նյութական մշակութային ժառանգության արմատական բնաջնջման, ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում սադրանքների գնալու ֆոնին: Խոսքով Խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստ պետությունը, կառուցում է Ռազմավարի պուրակ, որտեղ ներկայացված կադրերն ու գաղափարն ընդհանրապես իրենց նախադեպը չունեն համաշխարհային իրականության մեջ:  Բացառված չէ, որ չարժանանալով միջազգային հանրության համարժեք պարսավանքին Ի. Ալիևն իր օտարերկրյա հյուրերին ապագայում կարող է հրավիրել Ռազմավարի պուրակ, որպես հերթական դիտարժան վայր Շեհիդների պուրակից հետո:

✅ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ապա Ի. Ալիևը շարունակում է նոր դիսկուրս կառուցել նաև այս հարցում, ակնարկելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթները պետք է փոխվեն, որ ինքը դեմ չէ, որ նրանք զբաղվեն դեմարկացիայի, դելիմիտացիայի, համագործակցության հարցերով: Փաստացի, այսօրվա ելույթում հնչածը պետք է դիտարկել որպես նախապայման ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, այն իմաստով, որ «այո,՛ Ադրբեջանը թույլ կտա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ներկայացված լինել տարածաշրջանում, բայց այլ գործառույթներով»: Փաստացի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, հետպատերազմյան շրջանում և տառացիորեն մեկ օր առաջ՝ ապրիլի 12-ին, Ի. Ալիևը ամենակոշտ կերպով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, այսօր՝ ապրիլի 13-ին հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն առաջադրված խնդիրների և առաջնահերթությունների վերակազմակերպման նախապայմանով:

✅Սա «Նոր Հարավային Կովկասի ալիևյան մոդելն» է, որտեղ ըստ էության, հայությունը և հայկականությունը վտանգի տակ են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930