Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասում է՝ ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է, Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը ծանրակշիռ դեր են ունենալու այս ընտրություններում

Ապրիլ 13,2021 21:35

Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննադատել էր իշխանություններին, որ Ռոբերտ Քոչարյանի PR-ն են անում, նրա կենսագրությունը մաքրում, բյուրեղացնում. «Այդ մարդը որս էր անում, որսորդությունից բերեցին քաղաքականություն ու ընտրապայքարի մեջ մտցրեցին»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ոչ մեկին չենք մտցնում ընտրապայքարի մեջ: ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն եւ կգնան կընտրեն, մենք երաշխավոր կհանդիսանանք այդ ընտրությանը: Ես համարում եմ, որ այսօր շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր կան, որոնք շատ ավելի ծանրակշիռ ձայներ են հավաքելու, քան ձեր ասած Քոչարյանը»:

Թե ո՞ւմ նկատի ունի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Օրինակ, Գագիկ Ծառուկյանին նկատի ունեմ: Վստահ եմ, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը շատ ավելի ծանրակշիռ դեր կխաղան այս ընտրություններում, քան տիկին Թովմասյանի կողմից նշված Քոչարյանը»:

Դիտարկմանը, որ Ծառուկյանի որդու հարսանիքն այնքան քննադատվեց սոցցանցերում, որ գուցե իր ընտրազանգվածի վրա մեծ ազդեցություն լինի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա Ծառուկյանի ընտանիքի հարցն է եւ մեր համաքաղաքացիների կարծիքն է. «Ես ինձ թույլ չեմ տա որեւէ մեկի անձնական բանի հետ կապված մեկնաբանություն անել»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում Ծառուկյանի ու իր քաղաքական ուժի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է. «Ինչի նորությո՞ւն է, որ ընտրակաշառք է բաժանել: Ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել: Ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Նրանք, ովքեր կուլիսներից, մարիոնետների նման կառավարվել են, այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»:

Ու հիմա պարզ հարց է առաջանում՝ ո՞նց կարող են մի քանի ամսում հեղափոխության «ջուր բերողից» մարդուն դարձնել քաղաքական ամբաստանյալ, ընտրակեղծարար, հայտարարեն, որ կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, որ Հայաստանի քաղաքական դաշտի բարեփոխումներից հետո այդ դաշտում այլեւս տեղ չեն ունենալու ու ամիսներ անց, ընդամենը մի «ձեռքսեղմումից» հետո նույն թեթեւությամբ համարել այդ ուժը շատ «լուրջ քաղաքական ուժ է, որը ծանրակշիռ ձայներ է հավաքելու ու ծանրակշիռ դեր է խաղալու այս ընտրություններում»: Իրավունք ունի՞ քաղաքացին առնվազն կասկած ունենալ, որ հիմա էլ իշխանություններն են սկսել կուլիսներից  մարիոնետների նման կառավարել քաղաքական որոշ ուժերի ու եթե կառավարվում է՝ ծանրակշիռ դեր կունենա, եթե չի կառավարվում՝ կլինի ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսացող, ընտրակեղծարար ուժ, որը Հայաստանի քաղաքական կյանքում անելիք չունի ու չպիտի ունենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930