Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը՝ Նազիկ Ամիրյանի պաշտպանին․ «Եթե այսպես շարունակվի, դիմելու եմ դատախազին ձեր դեմ քրեական գործ հարուցելու համար»

Ապրիլ 13,2021 21:00

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվեցին մի քանի վկաներ։

Հարցաքննվեց նախկինում Նազիկ Ամիրյանին պատկանող ընկերության հաշվապահը՝ Վարդուհի Դավթյանը։ Մեղադրող կողմի հարցերին ի պատասխան վկան ասաց, որ ընկերությունում որոշ չարաշահումներ են եղել վառելիքի, շինանյութի հետ կապված։ Բայց, դրանք, ինչպես վկա Վարդուհի Դավթյանն ասաց՝ նորմատիվների հետ են կապված եղել, այսինքն՝ տեխնիկական են եղել։

«Չի եղել հարկային պարտավորությունների չկատարում, ուղղակի հարկային պարտավորությունը սխալ հաշվարկի արդյունք է եղել՝ մոտ այդ մոտ 80 միլիոնը»,-ասաց տիկին Դավթյանը։

Մեղադրող կողմի հարցադրումների առնչությամբ առարկություն հայտնեց պաշտպանական կողմը, Նազիկ Ամիրյանի փաստաբանը հայտարարեց․ «Հարգարժան մեղադրողի ողջ հարցադրումը երկու ուղղությամբ է՝ հարկային պարտավորությունը միտումնավոր չի կատարվել, տենդերները շահել են, քանի որ Նազիկ Ամիրյանի հիմնարկն է եղել»։

Դատավորը ընդհատեց պաշտպանին, պահանջեց դադարեցնել հայտարարությունը, քանի որ այն մեղադրանքին չի վերաբերում։

Հիշեցնենք, Նազիկ Ամիրյանին առաջադրված մեղադրանքներից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով է՝ (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերեւույթ կատարելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի, «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանը իրեն պատկանող ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացրել է եւ ընկերությունը կանխամտածված տարել սնանկության։

Ըստ իրավապահ մարմինների, Նազիկ Ամիրյանին 3 հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Այսօր դատարանում հարցաքննվեց վկա Գառնիկ Հովսեփյանը, որը 2016-ին եղել ԵԿՄ-ի Շենգավիթի տարածքային բաժանմունքի նախագահը։ Նա դատարանին հայտնեց, որ արցախյան պատերազմի օրերին ռազմաճակատ ուղարկվող օգնությունը նախաձեռնել են դպրոցի տնօրենները, իսկ ինքը ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 24-ը եղել է Արցախում։

Այդ օգնությունը, ըստ վկա Գառնիկ Հովսեփյանի, հավաքվել է ԵԿՄ գրասենյակում, ամբողջ հավաքագրումը նկարահանվել է, հետո ԱԻՆ-ի ավտոմեքենաները եկել են, իրենց ներկայությամբ օգնությունը բարձվել են մեքենաները ու ԱԻՆ-ը տարել է․ «Երկու օր հետո ապրանքները բերել, հասցրել են իմ մոտ։ Դա էլ է նկարահանված է, բերվել է դիրքեր այդ օգնությունը, ու դա մի օրվա չէ, անընդհատ է եղել, ու ես քննիչներին ել եմ ասել, թե ոնց է եղել, նույնիսկ խոսակցություններն են զապիս արած եղել։ Ամսի երեքից եղել եմ այնտեղ, դպրոցներինը բերել են ամսի յոթին կամ ութին, ինձ զանգահարել են, որ սենեց բան կա․․․ քանի որ մենք սերտ համագործակցում էինք էն ժամանակ դպրոցների հետ, իրենք վստահել են մեզ»։

Գառնիկ Հովսեփյանը նաեւ ասաց, որ մայիսի վեցին երկու օրով դիրքերից վերադարձել է, որպեսզի ԵԿՄ-ի հերթափոխ խումբ տանի, մոտ 75 անձ, իսկ համազգեստն, զենքն ու զինամթերքը ստացել են Սովետաշենի զորամասից, բոլորն՝ անհատապես, այդ ամենը կազմակերպում էր ՊՆ-ն։ Վերդառնալուց հետո էլ, ըստ վկայի, զենք-զինամթերքը հանձնել են, ինչը արձանագրվել է․ «Մանվել Գրիգորյանը, մեր ղեկավար կազմը մնացել էին, որ ճշտեն՝ պակաս բան չի՞ մնացել»։

Հարցին՝ զորամսում աշակերտների նամակները ստացե՞լ են, կարդացե՞լ են, վկան դրական պատասխան տվեց, ասաց, որ նաեւ զինվորներ են պատասխան նամակ գրել, որոնք ինքը հավաքագրել է։

Մանվել Գրիգորյանը նամակների հետ կապված որեւէ հրաման տվե՞լ է, այս հարցին ի պատասխան էլ վկան ասաց․ «Նամակները հիմնականում հավաքվել են, կարող է մեկ-երկուսը կորել է։ Հետո հավաքվել, բերվել է մեր թանգարան»։

ԵԿՄ-ի պահեստների գտնվելու վայրի մասին հարցին էլ վկան պատասխանեց․ «Իմ իմանալով՝ միայն վարչությունում է»։

Դուք լսե՞լ եք, որ ԵԿՄ վարչությանը պատկանող գույքը, բացի վարչության շենքից գտնվե՞լ է այլ տեղ, ի պատասխան այս հարցի էլ վկան ասաց․ «Լսելով․․․ որոշակի բաներ կան, որ կարող է օգնություն են տալու Նոր Տարվա, Զատիկի համար, մեզ օգնում էին, որ մենք էլ էդ ընտանիքներին օգնեինք»։ Հետո վկան ասաց, որ բացի ԵԿՄ վարչությունից, պահեստ կա նաեւ Էջմիածին, քաղաքում, ավելի կոնկրետ՝ Էջմիածին չհասած․ «Էջմիածնում ինչ-որ տարածք կար, որը պատկանում է ԵԿՄ-ին»։

Ինչ վերաբերում է թիվ 50 դպրոցի հավաքագրած օգնությանը, Գառնիկ Հովսեփյանն ասաց․ «Իրենք մայիսին են հավաքել, ուր են տարել, ինչ արել՝ չգիտեմ․․․ես ԱԱԾ-ի տեսանյութն եմ տեսել, արկղի վրա գրված էր՝ թիվ 50 դպրոց, հետո արկղերն էին բացում, մեջը՝ սանտավիկ, խտացրած կաթ ու տուշոնկա էր»։

Այսօր եւս երեք վկա հարցաքննվեցին՝ Արմավիրի թիվ 2 դպրոցի տնօրենը, Էջմիածնի համայնքապետարանի աշխատակիցն ու Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրենը։

Նազիկ Ամիրյանի պաշտպանը առարկություն ներկայացրեց դատարանին, մեղադրելով, թե տպավորություն է, որ փորձում է արվում անգամ մեկ բառ, որը կարող է պաշտպանական կողմին օգուտ բերել, հերքվում է։ Դատավորը նկատեց՝ նույն բանը մի քանի անգամ եք կրկնում։ «Չէ, հարգելի դատավոր, ես համոզված եմ, որ վաղը մեկը գա ասի՝ Մանվել Գրիգորյանն էդ ժամանակ էլ կենդանի չի եղել, դուք ասելու եք՝ կենդանի է եղել, ինքն անձամբ արել է»,-ասաց պաշտպանը։ Ապա դատավորը դիմելով պաշտպանին, հայտարարեց՝ դուք նախագահող դատավորին փորձում եք վիրավորել, մեկ անգամ էլ զգուշացնում եմ՝ քրեորեն պատժելի արարք է նախագահող դատավորին աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված վիրավորել, եթե շարունակվի, եթե հանցակազմի տարրեր լինեն, դիմելու եմ դատախազին ձեր դեմ քրեական գործ հարուցելու համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930