Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը կասկածներ ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի են ունենալու: Նրա կարծիքով, Փաշինյանն ինքը մի պատճառ գտնելու է, դրանք չեղարկելու համար, քանի որ, ըստ պարոն Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանն այսօր, ինչպես երբեւէ, ամենացածր վարկանիշն ունի: Նա «Հայելի» ակումբում այսօր կազմակերպված ասուլիսում ասաց. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ երբեւէ ամենացածր վարկանիշն ունի: Ինչպիսի ընտրություններ էլ անցկացնի՝ արդյունքներն ավելի վատն են լինելու քան՝ այսօր է: Այսինքն՝ եթե իր նպատակն է՝ ընտրություններով ձեռք բերել լեգիտիմություն, երկարացնել իշխանությունը, ապա, ես կարծում եմ, որ նա սխալվում է: Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվել գիտի, կամ նրա խորհրդատուները հաշվել գիտեն, ինձ համար դեռեւս մնում է խիստ կասկածահարույց ընտրություններ անցկացնելը: Նրա շահերից չեն բխում ընտրությունները»:
Նախկին վարչապետի համոզմամբ, երկիրն այսօր կանգնած է, ոչ թե սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականության հետեւանքները չեզոքացնելու անհրաժեշտության առջեւ այլ՝ պետականությունը, հայրենիքը փրկելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ: Ըստ նրա, հանրությանը շփոթեցնում են, եթե խոսում են՝ ընդամենը քաղաքական ճգնաժամի մասին. «Մեր խնդիրը Հայաստանի պետականությունը կործանումից փրկելն է եւ այդ կործանման ճանապարհին, անպայման, այդ կործանման պատասխանատուին պատասխանատվության կանգնեցնելն է»: Խոսրով Հարությունյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ պետք է պատասխանատվության ենթարկվեն նաեւ բոլոր նրանք, որոնք երկիրը հասցրել են այս իրավիճակին՝ կլինի Հայաստանի ռազմական թե Արցախի ղեկավարությունը:
Որպեսզի Նիկոլ Փաշինյանից կարողանան ազատվել, պարոն Հարությունյանը գտնում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի:
Նրա բնորոշմամբ, ընդդիմության ամենազդեցիկ դեմքը՝ Ռոբերտ Քոչարյանը, որի վարկանիշն օր օրի բարձրանում է, պետք է հետամուտ լինի իր իսկ հռչակած բանաձեւին, քանի որ դա ամենառացիոնալն է: «Մենք իրավունք չունենք ընտրությունների ժամանակ ընդդիմադիր զանգվածի ձայները փոշիացնելու: Այսօրվա ընդդիմությունը պետք է դարձնել քաղաքական լուրջ կապիտալ, որը վաղը, մյուս օրը ունակ կլինի երկրի ինստիտուցիոնալ հենքը դնելու: Եթե երկրում փոփոխությունների գնում են ընտրությունների ճանապարհով, ուրեմն այստեղ սայթաքելու հնարավորություն չունենք, եթե այն քաղաքական լիդերը, քաղաքական ուժը, որը հավակնում է ամենաազդեցիկ դերակատարն ունենալ այս ընտրություններում, այս հանգամանքի հետ հաշվի չնստել, իրավունք չունի»,-ասաց Խոսրով Հարությունյանը: Նրա կարծիքով, առաջիկա ընտրություններում, ամբողջ նախընտրական շրջանում Փաշինյանը հիմնականում փորձելու է գտնել այն մեղավորին, որը մեզ բերել՝ հասցրել է այդ վիճակին եւ այդ մեղավորները կլինեն բոլորը՝ բացի իրենից. «Կլինի Գեն շտաբը նրա հին կազմը, նոր կազմը, նախկին եւ այլն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ