Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիները Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ՝ Փաշինյանի կողմից զիջումներ անելու համար. Խոսրով Հարությունյան

Ապրիլ 13,2021 19:01

«Գերիներին կարող ենք տալ, փոխարենն  ինչ-որ մի լուրջ բան կարող ենք զիջել, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք մտադիր են իրականացնել իշխանությունները կամ նրանց պատվիրատուները, դրանց իրականացման համար գերիների առկայությունն անհրաժեշտություն է»,-այս համոզմանն է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ այսօր գերիների գոյությունը հնարավորություն է ընձեռում թե՛ Նիկոլ Փաշինյանին թե՛ Ալիեւին:

Պարոն Հարությունյանը «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց. «Թե Ադրբեջանը եւ թե՛ Թուրքիան նաեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում են, որ այդ միջանցք ասվածը, որը նախատեսված է եռակողմ պայմանագրի  9-րդ կետով, շատ դժվարությամբ է իրենց տրվելու՝ հաշվի առնելով Հայաստանում շատ ուժերի ակնհայտ դժգոհությունը: Նման միջանցքի առկայությունը ռեալ հնարավորություն է վաղը Սյունիքը, ըստ էության, զավթելու, հետեւաբար թե՛ Ադրբեջանը թե՛ Թուրքիան գերիների խնդիրը ձգձգեցին եւ ձգձգում են՝ ենթադրելով, որ եթե վաղը, մյուս օրը գերիների խնդիրը ներքաղաքական կյանքում դառնա ամենաակտուալը, ամենահրատապը, ապա, սոցիալական հանդարտություն ձեռք բերելու առումով, գերիների հարցը կօգտագործեն՝ դիմացն ինչ-որ մի բան կորզելու համար»:

Նախկին վարչապետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հենց այդ ճանապարհով էլ գնում է. «Մենք 5 հազար զոհ տվեցինք, որ Ադրբեջանի նախագահն ասի՝ խնդիրը կարգավորված է, մենք ասենք՝ ոչ, կարգավորված չէ: Որեւէ տրամաբանություն՝ այն էլ երկրի ղեկավարի շուրթերից հնչող, տեսնո՞ւմ եք»:

Խոսրով Հարությունյանի կարծիքով, ակնհայտ է, որ Ալիեւ-Էրդողան քաղաքական զույգը մտահոգ են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հեռանկարով. «Նրանք շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակվի: Ինչո՞ւ, Փաշինյանի գեղեցիկ աչքերի համա՞ր, ո՛չ, սպասելիքներ ունեն, որոնք հայանպաստ չեն՝ կլինի ենթակառուցվածքների ապաշրջափակման, թե մեկ այլ հարցի մասին»:
Նրա կարծիքով, այն որ հաղթանակած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի  բանակները՝  վերջին ամիսների ընթացքում 3-4 անգամ անցկացրել են զորավարժություններ, պետք է ասել, որ ռազմական, պատերազմական գործողությունները ոչ թե ավարտված՝ այլ՝ ժամանակավորապես ընդհատված են եւ չի բացառում, որ ռազմական գործողություները տեղափոխվեն Հայաստանի տարածք:

Ըստ Խոսրով Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանը չի շտապում պայմանագրով նախատեսված ապաշրջափակման կետը կյանքի կոչել, քանի որ հասկանում է՝ տարածաշրջանում խաղացողների մոտ իր իշխանությունը դրանով կորցնելու է. «Ինչ պետք էր նրանք ստացան, կարծում եմ՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը որեւէ մեկի մոտ հետաքրքրություն կարող է չունենալ: Նա չի ստորագրում, դրանով փորձում է իր իշխանությունը երկարացնել, միգուցե ընտրություններից հետո նա գնա այդ քայլին, բայց մինչ ընտրությունները, համոզված եմ նա որեւէ բան չի ստորագրելու: Բայց միակ բանը, որ նա կարող է գնալ այդ քայլին, գերիներն են: Հանրությանը ներկայացնի՝ ես գերիներին վերադարձնելու համար այս գինը պետք է վճարեմ: Գերիները Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքին կդառնանա շատ լուրջ խաղաքարտ Փաշինյանի կողմից զիջումներ անելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930