«Բացի ատելություն սերմանելուց՝ Ալիեւն իր ժողովրդին ներշնչում է սին մեծամտություն, ինչը հաղթանակը մսխելու առաջին քայլերն են։ Այդ անհեթեթ պուրակի բացմամբ Ալիեւն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացմանը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ալիեւը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ եւ միշտ պարտվողներ։ Ամեն անգամ սեփական ժողովրդին բթացնելով՝ մեկ քայլ մոտեցնում է պարտությանը»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ մենք էլ առանց քաղաքական երանգներ հաղորդելու պետք է փորձենք դասեր քաղել եղածից։ Այս համատեքստում, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, վերջին օրերին կրկին շահարկվում է գերիների հարցը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ