Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչները մուռ են պահում կոնկրետ անձանց հանդեպ». Բորիս Նավասարդյան

Ապրիլ 13,2021 17:57

Դատախազության նոր նախաձեռնությունը վերաբերում է հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար սահմանվելիք տուգանքին, ինչը միանշանակ չի ընդունվել:

«Ենթադրենք, ֆուտբոլային հանդիպման ժամանակ մասնակիցները ռասիստական բնույթի բացականչություններ են անում, ասենք, Ռուսաստանի հավաքականի սպորտսմենների մասին, մի բան, որ ֆուտբոլային հանդիպումներում հաճախ է պատահում, եւ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունի վարքականոն, որտեղ ռասիզմի վերաբերյալ դրույթներ կան»,- «Մեդիա կենտրոնի» քննարկման ժամանակ տարակուսանք հայտնեց իրավաբան Արա Ղազարյանը:

Ապա հավելեց, որ ժամանակին հայհոյանքի վերաբերյալ իսկապես արվել է առաջարկություն, եթե դա պայմանավորված է անձի կամ մարդկանց խմբի ինչ-ինչ հատկանիշներով` ռասսա, սեռ, գենդերային ինքնություն, կրոնական համոզմունքներ եւ այլն: Իրավաբանը, սակայն, չէր կարծում, որ հայհոյանքը կարող է տարվել վարչական օրենսդրության դաշտ:

«Ժամանակին կար մանր խուլիգանություն հասկացությունը, որը վերադառնում է, մնում է հուսալ, որ դա չի կիրառվի ԶԼՄ-ների դեմ` ազատ խոսքը սահմանափակելու նպատակով»,-նշեց Արա Ղազարյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ձեւակերպմամբ. «Շատ կարեւոր է, որ այս ամենը չօգտագործվի ընդդեմ ազատ խոսքի եւ լրագրողների, մինչդեռ այս նախաձեռնության տրամաբանությունը եւ էությունը ցույց են տալիս, որ ավելի շատ հենց այս ուղղությամբ է գնալու օրինագիծը կամ նախաձեռնությունը: Ինձ մոտ մտահոգություն է առաջացնում այն, որ բացի հայհոյանքը, այնտեղ շարունակ գնում է նաեւ վիրավորանք բառը: Այստեղ հարց է առաջանում` ո՞նց են տարբերելու հայհոյանքը վիրավորանքից»: Նա վստահ է, որ նախաձեռնությունը պետք է մի կողմն դրվի եւ լուրջ քննարկումներ սկսվեն, թե ծագած խնդիրներն ինչպես կարելի է լուծել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ նախաձեռնության վերաբերյալ փորձագիտական շրջանակների հետ քննարկումներ չեն եղել, եւ գոնե ինքն ու իրենց կազմակերպությունը որեւէ քննարկման մասնակցելու հրավեր չեն ստացել:

«Ընդհանրապես ԶԼՄ-ներին վերաբերվող վերջին նախաձեռնությունների հետ կապված, որքանով տեղյակ եմ, նույնիսկ պարտադիր խորհրդակցություններ չեն եղել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Այսինքն, ցանկացած օրինագիծ, որը վերաբերվում է մարդու իրավունքներին, պետք է այնտեղից փորձագիտական գնահատական ստանա, սակայն դա չի եղել, եւ բոլոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են որակյալ օրենսդրություն ձեւավորելու համար, չեն աշխատում:

Ցանկացած օրինագծի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչում է դրա արդիականությունը եւ որոնք են դրա դրդապատճառները: Արդիականության առումով ասեմ, թե վերջերս դատախազության աշխատանքի մասով ինչի հետ ենք հանդիպում. բազմաթիվ կարեւորագույն նշանակություն ունեցող պետության եւ հասարակության հետ կապված մեղադրանքները եւ միջնորդությունները, որոնք գալիս են դատախազությունից, դատարաններում մերժվում են: Իմ կարծիքով դատախազության աշխատակիցներն առաջին հերթին պետք է դրանով մտահոգվեն եւ կենտրոնանան իրենց աշխատանքի որակը բարձրացնելու վրա»,-նշեց պարոն Նավասարդյանը:

Ինչ վերաբերվում է դրդապատճառներին, այս մասին էլ ԵՄԱ նախագահը նշեց. «Տպավորություն ունեմ, որ մեր իշխանության առանձին ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ մուռ են պահում կոնկրետ անձանց, աղբյուրների, երեւույթների հանդեպ եւ մտածում են` ի՞նչ օրենսդրական կարգավորում պետք է լիներ, որպեսզի ես այդ անձին պատժեի կամ այդ աղբյուրը փակեի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930