Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյան Հայաստանում և Արցախում»:
Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր: Հրավիրվել էին նաև Արցախյան վերջին պատերազմին մասնակցած երիտասարդ կամավորականներ, որոնք այժմ էլ ազգաբնակչության ու հատկապես երիտասարդության շրջանում իրականացնում են քաղպաշտպանության կամ մարտական պատրաստվածության տարբեր ծրագրեր:
Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ՝ Արամ Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Անգելինա Արշակյանը, Կառլոս Ղազարյանը, Գեղամ Օհանյանը, Անահիտ Աղոյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարդան Մարաշլյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև Պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք մեծ փորձառություն ունեն ռազմական, քաղպաշտպանության կամ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում:
Շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալը նախ անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ ճգնաժամային կառավարման համակարգի ձևավորման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության բարելավման, արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման աշխատանքների պլանավորման, թաքստոցային ենթակառուցվածքների ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ ներառյալ քաղաքաշինական նորմերի առավել խիստ պահպանման անհրաժեշտությանը, տագնապի ազդարարման տեխնիկական միջոցների արդիականացմանը, ռազմական դրության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և զինված ուժերի հետ համագործակցության ինստիտուցիոնալացմանը:
Կարդացեք նաև
Լայն քննարկման առարկա դարձավ ոլորտի խնդիրների ինստիտուցիոնալ և փոխգործակցված կարգավորումը և քաղաքականության մշակումն ու վարումը միջգերատեսչական բարձր համագործակցության դաշտում, հատկապես պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության և գիտության, մասնավոր ընկերությունների ու հաստատությունների ղեկավարման հատման տիրույթում։ Այդ շահագրգռությամբ նիստի մասնակիցների առաջարկությամբ ուրվագծվեց առաջիկայում ՀԽ հրավիրվելիք պաշտոնյաների ու նրանց հետ քննարկվելիք հարցերի, խնդիրների ու թիրախների շրջանակը։
Մտահոգություններ հնչեցին նախնական զինվորական պատրաստության և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հատկապես պատանիների և երիտասարդների, բայց նաև լայն հանրության ոչ բավարար տեղեկացվածության և գիտելիքների պակասի մասին, ներկայացվեցին առաջարկներ կրթօջախներում նշված առարկաների որակյալ դասավանդման, ԶԼՄ-ներով ու հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներով վարքագծային ու այլ գիտելիքների փոխանցման ուղղությամբ կատարվելիք առաջնահերթ քայլերի վերաբերյալ:
Հատուկ անդրադարձ եղավ Արցախյան պատերազմի ընթացքում զինված ուժերի և մոբիլիզացիոն ռեսուրսի օգտագործման ընթացքում հայտնաբերված խնդիրներին, զինված ուժերի մարտունակության բարձրացման և կազմակերպական հիմնահարցերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը մեծ հետաքրքրություն ներկայացրեցին քաղաքացիական նախաձեռնությունների դաշտում իրականացվող տարբեր ծրագրերը, ինչպես նաև անհատ փորձագետների մշակած մոտեցումները, և պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի հանգամանալից քննարկումներ ունենալ նրանց հետ։
Նիստի արդյունքում որոշվեց ամրապնդել համագործակցությունն Արտակարգ իրավիճակների նախարարության և Հանրային խորհրդի միջև՝ այդ թվում օգտագործելով Հանրային խորհրդի Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի ու Հանրային խորհրդի քարտուղարության ներուժը:
Հանրային խորհրդի քարտուղարություն