«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ասել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական PR-ի պատասխանատուներն են, նրան մաքրագրեցին, սրբագրեցին ու բյուրեղյա կենսագրությամբ տարան ընտրապայքարի:
Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը: Ես ներողություն եմ խնդրում, բայց դա անհնար գործ է»: Դիտարկմանը, որ ձեր մոտ դա լավ էլ ստացվում է՝ նա արձագանքեց. «Այդ մարդիկ այնքան փող են ծախսում, ոչ միայն Քոչարյանին է վերաբերվում, շատ ու շատ նման մարդկանց է վերաբերվում, որոնք այսօրվա դրությամբ ավելի շատ բացասական վարկանիշ ունեն, քան դրական: Այդ մարդկանց ո՛չ այսօրվա իշխանությունը, ո՛չ վաղվա….այդ ի՞նչ հրաշք պետք է լինի, որ այդ մարդկանց հնարավոր լինի բյուրեղացնել: Այս կամ այն դատական գործը ձգելով կամ որակումը փոխելով չի, որ հնարավոր է որեւէ մեկին բյուրեղացնել: Բոլորը շատ լավ գիտեն Մարտի 1-ի պատասխանատուներին ու մնացած բոլոր գործողությունները: Հիմա ուզում եք մեծ պաստառի վրա էլ գրեք, որ ինքը մեղավոր չի, ինքը պատասխանատուն է այդ ամեն ինչի, ես պնդում եմ դա: Իրավապահները, ես ձեզ վստահեցնում եմ, պատասխանատվության են ենթարկելու մեղավորներին»:
Թագուհի Թովմասյանը նաեւ խոսել էր «Իմ քայլը» խմբակցությունում այն անառողջ մթնոլորտի մասին, որ եթե ասեն՝ մածունը սեւ է, պիտի 88 պատգամավորներն էլ ասեին՝ սեւ է, այսինքն, այլ կարծիք չէին հանդուրժում: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեր գործողությունները ավելի խոսուն են, քան որեւէ մեկնաբանություն: Հաճախ տեսնում եք, որ թե՛ քվեարկությունների պարագայում, երբ թեկնածու է բերվում կառավարության կողմից, այդ թեկնածուն կարող է չանցնել, օրենսդրական նախաձեռնություն կարող է լինել: Ես զարմանում եմ՝ տիկին Թովմասյանը ինչի՞ վրա հիմնվելով է նման բան ասում: Կարծում եմ, սխալվել է տիկին Թովմասյանը, որովհետեւ ճանապարհը, ժամանակը այլ բան է ցույց տալիս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ