Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարողացել ենք դիպչել հայ ունկնդրի սրտին». Eman-ը` Youtube-ում միլիոնավոր դիտումների եւ նոր ոճի մասին

Ապրիլ 13,2021 17:00

Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Միհրան Ծառուկյան, Մարտին Մկրտչյան, Նարեկ Մեծ Հայք, Իվետա Մուկուչյան և Ռոլանդ Գասպարյան, Գայա Արզումանյան, Արմենչիկ, Գևորգ Սիրեկանյան, Մաշա Մնջոյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Եսայան, Ռաֆայել Թունյան և լիբանանցի հայտնի երգչուհի Զոյա և այլք․․․ Ահա այն արտիստները, որոնք պարբերաբար իրենց երգերի գործիքավորումը վստահում են Էմանուել Հակոբյանին, որն առավել հայտնի է Eman մականվամբ։

Նրա հետ զրուցել ենք 13 տարեկանից երաժշտական գործունեություն սկսելու, ինքնուս սովորելու, հայ հայտնիների հետ համագործակցության և youtube-ում միլիոնավոր դիտումներ գրանցելու մասին։

«Սկսել եմ ակորդեոն նվագելուց։ 13 տարեկան էի, երբ հասկացա, որ ինձ գրավում է երաժշտական աշխարհը։ Դեռ մանկուց ինձ հետ կապված ամեն բան վերաբերում էր երաժշտությանը՝ սկսած խաղերից, վերջացրած ժամանցով։ Թերևս դրա մասին է վկայում այն, որ ես միայնակ, առանց որևէ մեկի օգնության ինքնուս սովորել եմ նվագել, ինչից հետո էլ, կարող եմ ասել, որ մուտք գործեցի այն աշխարհ, որն ինձ այդքան հոգեհարազատ էր»,- պատմեց Eman-ը։

 

17 տարեկանում Վրաստանից Հայաստան տեղափոխվելով՝ Eman-ը շատ դժվարություններ է ստիպված եղել հաղթահարել: «Քանի որ երազում էի Հայաստանում ապրելու մասին, դպրոցն ավարտելուց հետո իրականացրի այն։ Գալով և բնակություն հաստատելով այստեղ՝ ունեի մեկ նպատակ՝ օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի դառնամ այն մասնագետը, որը կամ այսօր։ Իսկ այսօր ես աշխատում եմ ամենահայտնի և սիրված հայ արտիստների հետ և ոչ միայն»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ սկսած 2015թ․-ից՝ Eman ստուդիոն արտադրում է երաժշտական այնպիսի արտադրանք, որը կարողանում է լսելի և հաճելի լինել հայ ունկնդրին, ինչի արդյունքում էլ այդ աշխատանքները միլիոնավոր դիտումներ են գրանցում Youtube-ում։

«Ամենաառաջինը կարող եմ օրինակ բերել Ռաֆո, Անդո և Սպիտակցի Հայկո եռյակին, որոնք իրենց «Լեդի Քոբուլեթի» երգով կարողացել են գրանցել 47 միլիոնից ավելի դիտում։ Սա Հայաստանի համար աննախադեպ ցուցանիշ է: Ուրախ եմ, որ կազմում եմ այս ամենի մի մասնիկը։ Ինձ համար մեծ պատասխանատվություն էր հատկապես Սիրուշոյի հետ համագործակցությունն իր «Zoma-zoma» երգի շրջանակներում։ Լսելով տվյալ երգը Սիրուշոյի կատարմամբ՝ անպայման ցանկացա մշակել դրա remix տարբերակը։ Արդյունքում՝ այն հայտնվեց Սիրուշոյի «Armat» ձայնասկավառակում։

Իմ և DJ Smoke-ի համագործակցությունը Մարտին Մկրտչյանի հետ՝ «Դու ելել ես» երգի շրջանակներում 6 միլիոնից ավելի դիտում ունի, որը կրկին մեծ պատասխանատվություն է ինձ համար, դե իսկ Ռաֆայել Թունյանի և Ջուլիայի՝ «Իմ արևն ես» երգը, որի գործիքավորումը կրկին վստահված էր ինձ, ունի 30 միլիոն դիտում»,- պատմեց Eman-ը՝ ավելացնելով․ «Գիտեք, այս միլիոնավոր դիտումները, ըստ իս, միայն մեկ բանի մասին են վկայում` կարողացել ենք դիպչել հայ ունկնդրի սրտին։ Ես ինքս երբեմ չեմ համաձայնի անել մի աշխատանք, որն իմ սկզբունքներին դեմ կլինի։ Իսկ նման դեպքեր, հավատացեք, եղել են։ Ես ունեմ իմ երաժշտական ճաշակը և երբեք, նույնիսկ մեծ գումարի դեպքում, չեմ հեռանա դրանից։ Բացի դրանից, վերջերս համագործակցեցի Ռաֆայել Երանոսյանի հետ՝ արդեն շատ հայտնի «Ճոճանակ» երգի շրջանակներում։ Սա ինձ համար այն աշխատանքներից էր, որին ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենայի, քանի որ արդեն իսկ օրիգինալ տարբերակը բավական սիրված էր, և հակառակ արդյունքն ունենալու ռիսկը կար։ Բայց ի ուրախություն ինձ և երգի վրա աշխատող մյուս մասնագետների՝ վերջնական արդյունքը գոհացնող էր և դատելով արձագանքներից ու գրեթե կես միլիոն դիտումից, հասկանալի է, որ ոչ միայն մեզ համար էր գոհացնող»,- ասաց Էմանուել Հակոբյանը։

Վերջինս պատմեց նաև, որ բոլորովին վերջերս երկու տարբեր երաժշտական ոճեր միախառնելով՝ ստեղծել է իր սեփականը, որի նմանը, ըստ Eman-ի, աշխարհում գոյություն չունի․ «Երկար փնտրտուքների մեջ էի, արդեն տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրություններ էի անում՝ փորձելով հասկանալ՝ ինչ կարող եմ ստեղծել, որը ոչ մինչ այժմ գոյություն չի ունեցել երաժշտական ոլորտում։ Եվ վերջապես այսօր արդեն կարող եմ վստահ ասել, որ իսկապես ստեղծել եմ աշխարհում գոյություն չունեցող ոճ, որին ունկնդիրը շուտով կծանոթանա»։

Երաժիշտը նշեց, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի նոր աշխատանքը, Միհրան Ծառուկյանի նոր երգը, ինչպես նաև Ռաֆայել Թունյանի և լիբանանցի հայտնի երգչուհի Զոյայի զուգերգը․ «Նոր աշխատանքները և նոր հայտնիների հետ համագործակցությունն այս պահին իսկապես շատ է, սակայն ոչ բոլորի մասին կարող եմ խոսել, քանի որ դրանք դեռ վերջնական պատրաստ չեն։ Միայն կարող եմ ասել, որ առաջիկայում շատ հետաքրքիր, ոճային և օրիգինալ ստեղծագործություններ են սպասվում»։

 Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930