Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ ավելի կարևոր խնդիրներով եմ զբաղված, քան Նիկոլ Փաշինյանի գրպանում գտնվող դատական համակարգի հետ պայքար մղելը». Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ որոշման մասին:

Ապրիլ 13,2021 16:25

«Այս որոշումը նրա մասին է, որ Հայաստանում այլևս որևէ մեկը չի կարող լինել պաշտպանված իր խոսքի, կարծիքի, մտքի համար՝ անկախ նրանից՝ դա դուր գալի՞ս է օրվա իշխանությանը՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրեն՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու՝ ԱԺ որոշման հետ կապված՝ ՍԴ որոշմանը, հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք՝ ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը տեղեկացրեց՝ ՍԴ-ն որոշել է, որ Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկել էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից: Այնուհետև Նաիրա Զոհրաբյանը ԱԺ որոշման սահմանադրականության համապատասխանության վիճարկման հարցով դիմել էր ՍԴ:

Ապրիլի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Մեր զրուցակիցը հավելեց. «Եթե Ձեզ թվում է՝ ՍԴ- ի որոշումը Նաիրա Զոհրաբյանի հարցն էր, ապա Դուք խորապես սխալվում եք»: Նա վստահեցրեց՝ ինքը սովոր է իր հարցերն անձամբ լուծել ու նկատեց. «Սա բոլորիս հարցն էր, հայցը վերաբերում էր նրան՝ արդյոք Հայաստանում «բեսպրեդելը» շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև սա նախադեպ է, որ խոսքի, բառի համար Նիկոլի գրպանում գտնվող ՍԴ-ն և դատարաններն այլևս կայացնելու են նման որոշում»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ իր գործընկերների հետ հայցը ներկայացրել էր, որպեսզի այլևս երբեք մեր երկրում մարդու կարծիքի, գնահատականի, բառի համար նման քաղաքական վենդետաներ չլինեին: Ու հայտնեց. «Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն իմ անձի հանդեպ խորագույն մտասևեռում ունի և անգամ այսօր՝ հիմա, երբ աջից ու ձախից Ալիևն ապտակում է ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով՝ ինչպես վերադարձրինք Արցախը, այնպես էլ վերադարձնելու ենք Զանգեզուրը, ռազմագերիների խնդիրները թողած, ինքն ունի մի քանի թիրախներ, որոնց հանդեպ ունի անանցանելի հոգեբանական ծանր մտասևեռում, որոնցից մեկը ես եմ: Ես պարզապես շատ կուզենայի, որ ՍԴ-ն չստեղծեր այս վատ նախադեպը, որպեսզի այսուհետ խոսքի, բառի համար լինեին քաղաքական հաշվեհարդարներ»:

Հարցին՝ որո՞նք են լինելու իր հետագա քայլերը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Բնականաբար, որևէ քայլ չի արվելու. ես շատ ավելի կարևոր խնդիրներով եմ զբաղված, քան Նիկոլ Փաշինյանի գրպանում գտնվող դատական համակարգի հետ պայքար մղելը: Վստահ եղեք, որ մենք ունենալու ենք իսկապես անաչառ դատական համակարգ, և այսօրվա կամակատար դատավորները, այդ թվում ՍԴ, բնականաբար, վստահաբար չեն լինելու այդ համակարգում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930