Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս մի նավում ենք, եթե այս նավը, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս, մեր շահերից է ելնում՝ ով կարողանա թիավարի, որ կարողանանք դուրս գալ». Տաթեւիկ Հայրապետյան

Ապրիլ 13,2021 16:03

«Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք ու մենք ամեն ուղղությամբ պետք է դրա համար աշխատենք՝ խորհրդարանական դիվանագիտություն, ԱԳՆ: Ես հասկանում եմ, որ իրավիճակն իրոք անմարդկային է, հատկապես ես կապեր ունեմ հարազատների հետ: Դժվար է հստակ հայտարարություններ անել դրա հետ կապված, մարդու հույզերի հետ գործ ունես: Ադրբեջանն այդ հարցը քաղաքականացնում է, մեր խնդիրն է դուրս բերել դա քաղաքականությունից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Ալիեւին համարում էր կիրթ եւ կառուցողական, ի՞նչ փոխվեց հանկարծ, որ Ալիեւը դարձավ ագրեսոր՝ Հայրապետյանը պատասխանեց. «Ինչ-որ խոսքեր են վերցնում Փաշինյանի ասածից եւ…օրինակ, մարդիկ կան, որ օգտագործում են միջազգային լսարանն ու ասում, որ Փաշինյանն է հրահրել պատերազմ: Դա անթույլատրելի է ուղղակի: Գործ ունես ֆաշիստական պետության հետ եւ դու պատրաստ ես ներքաղաքական դիվիդենտներից ելնելով՝ փորձել սեփական պետությանը մեղադրել այն հրահրելու մե՞ջ»:

Ըստ նրա, անընդհատ մեղավորներ ենք փնտրում մեր մեջ՝ չհասկանալով, որ մեղավորները Բաքվում են. «Մենք պետք է հասկանաք, որ մենք բոլորս մի նավում ենք, եթե այս նավը, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Եվ մեր շահերից է ելնում՝ ով կարողանա թիավարի, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»:

Հարցին՝ Փաշինյանը կարողանո՞ւմ է թիավարել՝ նա վստահ պատասխանեց. «Իհարկե, կարողանում է»: Դիտարկմանը՝ պատերազմի արդյունքները ձեզ համար տեսանելի չե՞ն, պարզ չէ՞ ինչպես է թիավարում՝ նա պատասխանեց. «Բայց պատերազմի արդյունքները 2 տարո՞ւմ առաջացան, ինչո՞ւ ենք մենք կտրում պատմությունը: Ալիեւը 2003-ից եկել է եւ խոսել է, որ պատրաստվում է պատերազմի, ովքե՞ր էին իշխանության 2003-ին»:

Լրագրողների դիտարկմանը, որ այն ժամանակ պատերազմը չի եղել՝ նա պատասխանեց. «Դուք պատրաստ եք պատերազմ հրահրելու մեջ իշխանությանը մեղադրել, դա խոսում է վատ բանի մասին: Փակուղի բանակցությունները մտել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ցանկանում էր առաջադրվել, ԱԺ-ում խոսել է այդ մասին»:

Նա ասաց, որ Թուրքիայի գործոնը չկար այն ժամանակ այնպիսին, ինչպիսին 2020-ին եղավ ու դա չընդունել չեն կարող: Ինչ վերաբերում է գերիների վերադարձի մասին լուրին՝ նա ասաց, որ իր տեղեկատվությամբ՝ հստակ պայմանավորվածություն դրա մասին չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930