Շուրջ տասը տարի առաջ ձևավորվեց մի երևույթ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները՝ մի պարզ ձևակերպմամբ՝ «Մի քաղաքականացրեք», տեղափոխվեցին այլ հարթություն։ Հետո շատ արագ բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, քաղհասարակության կազմակերպություններ տեղավորվեցին իշխանության օրբիտայում, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ վերածվեցին իբր քաղաքացիական հարցերի։
«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Մի քաղաքականացրեք», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ», «Սա իրավական խնդիր է, կրթական է, տնտեսական է» չգիտեմ ինչ է… Ու այսպես կեղծվեցին օրակարգեր։
Երկրի տնտեսական, հարկային ոլորտի փոփոխությունների դեմ բողոքի դուրս եկողները պահանջում էին խնդիրը չքաղաքականացնել։
Երկրի սոցիալական ոլորտում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային վիճահարույց համակարգը, որը լրջագույն խնդիր էր նաև սերունդների համար, բողոքողներն ասում էին քաղաքական ուժերը թող չխառնվեն, սա քաղաքական խնդիր չէ։
Կարդացեք նաև
Քաղաքական հարց չէր նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունները։ «Մի քաղաքականացրեք, սա իրավական գործընթաց է», «կեղծ օրակարգ է» արտահայտություններով կոտրվեց «Ոչ»-ի իրական համակարգը, և այն վերածվեց պսևդոբևեռի։
Մի քաղաքականացրեք-ով զուգորդվեցին էլեկտրաէներգիայի թանկացման, տրանսպորտի սակագնի փոփոխությունների, բուհերի վարձավճարների բարձրացման և շատ այլ խնդիրների դեմ պայքարները։
Մի քաղաքականացրեք-ով է ընթանում նաև քաղաքական պատվերով հարուցված քրեական գործերի քննությունը։ Գաղտնազերծված հեռախոսային ձայնագրություններով բացահայտվում է, որ քրեական հետապնդումը երկրի առաջին դեմքից իջեցված հրահանգ է, գործի ողջ քննությունը՝ և նախաքննությունը, և դատաքննությունը, վկայում են քաղաքական պատվերի առկայությունը, բայց իշխանության օրբիտայում լավ տեղավորված խմբերն ու կազմակերպությունները պնդում են, որ դա իրավական պրոցես է, քաղաքականացնել պետք չէ։
Այս երևույթը առավել այլասերված տեսք ստացավ հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ասում են պատերազմը մի քաղաքականացրեք, դա պատերազմ էր։ Սահմանային դիրքերը հանձնելը, սահմանները Ալիևի ցանկությամբ ձևելը մի քաղաքականացրեք, Թուրքիայի և Ադրբեջանի հետ արժանապատիվ բանակցությունների անհրաժեշտությունը մի քաղաքականացրեք, Սյունիքով միջանցքի հարցը մի քաղաքականացրեք, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, գերիների հարցը մի քաղաքականացրեք։ Բա ի՞նչը քաղաքականացնենք, ձեր տգիտությունն ու անճարությո՞ւնը։
ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ հայտարարություն են տարածում, որտեղ շեշտում են, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։ Հետո ասում են. «Մի քաղաքականացրեք»։
Ամենավտանգավորն այն է, որ իշխանության տված խայծը հեշտությամբ կուլ են տալիս հանրության լայն շերտեր։ Զոհերի ընտանիքները գրկաբաց ընդունում են իրենց զավակներին՝ առանց զրահաբաճկոն, առանց սաղավարտ, թշնամու բայրաքթարների տակ ուղարկողներին, դե դա հո քաղաքական հարց չէ։ Գերիների ծնողները իշխանության ուղղորդմամբ իրենց զավակներին չվերադարձնելը կապում են ընդդիմության հետ, և պահանջում են գերիների վերադարձը չքաղաքականացնել։ Իր տունն ու հողերը կորցրածը պահանջում է իր կորուստները չքաղաքականացնել։
Այս վտանգավոր երևույթը գնալով խորանում է։ Սա պետություն չունեցող ժողովրդի մտածելակերպ է։ Սա պետականություն չունեցող երկրի մոտեցում է։ Այսպես շարունակվելու պարագայում, իշխանությունների ապաշնորհության և անգրագիտության պատճառով, եթե մի օր էլ կորցնենք մեր պետականությունը /իսկ դրա սպառնալիքն այս իշխանության օրոք ամեն օր կա/, ասելո՞ւ են «Մի քաղաքականացրեք»։
Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ