Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից հանվել Մարտիրոս Սարյանի կտավի հետ կապված դրվագը

Ապրիլ 13,2021 15:32

«Վճռաբեկ դատարանը բավարար է համարել մեր ներկայացրած փաստարկները և հաստատել է, որ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը եղել է ոչ հիմնավոր«,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքին:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու է Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից հանվել Մարտիրոս Սարյանի կտավի հետ կապված հարցը՝ Գևորգ Բաղդասարյանը պարզաբանեց, որ ցանկացած գործով մեղադրանքից ինչ-որ բան հանվում է բացառապես բավարար չափով հիմնավորված չլինելու պատճառով:

Դատախազը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ չի ցանկանում քննարկել այդ քրեական գործը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության 2018 թվականի հունիսի 5-ին տարածած հաղորդագրության ու տեսանյութի մեջ, մասնավորապես նշվում էր, թե հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռեւս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները՝ խոստանալով դրա դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը:

«Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել եւ անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները՝ հրաժարվել է վերադարձնել նկարները: Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

 

Մարտիրոս Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանն «Ազատությանն» ասել է, որ գծանկարները Նարեկ Սարգսյանին փոխանցել է իր եղբոր տղան, այսինքն՝ Ղազարոս Սարյանը: Ինքը խոսել է նրա հետ: Եղբորորդին բացատրել է, որ մոլորության մեջ է եղել: «Իր մոլորված վիճակներից էր պատմում։ Ես չեմ տեսնում արդարացում ինձ համար, որովհետեւ մեր ընտանիքում միշտ եղել է վարպետի անունը, պատիվը պահելու ցանկություն եւ գաղափար։ Նա նաեւ առողջական խնդիրներ ուներ եւ տարբեր ուրիշ խնդիրներ, դրա համար էլ մոլորության մեջ էր գտնվում»,- փոխանցել է նկարիչի թոռնուհին եւ թանգարանի գլխավոր ֆոնդապահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930