Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն իրավիճակը, որն առաջացել է արդարացման որոշման արդյունքում, անհամատեղելի է արդարադատության հետ». Գևորգ Բաղդասարյան

Ապրիլ 13,2021 15:19

«Արդարացման որոշման բովանդակությանը չհասցրինք ծանոթանալ, որովհետև հենց նոր ստացանք: Բայց պաշտպանների հրապարակումներից մի քանի բան ծանոթ եմ: Փաստարկները, որ, այն ինչ մենք էինք ասում՝ արդարադատության հետ համատեղելի չեն, ինձ չեն համոզել»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, այն իրավիճակը, որն առաջացել է դատարանի կողմից՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով արդարացման որոշումը կայացնելու արդյունքում՝ արդարադատության հետ համատեղելի չէ այն պարզ պատճառով, որ կիրառված նորմի սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով, դատախազի գնահատմամբ, առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ և անձն արդարացվել է:

«Ամենայն հարգանքով Սահմանադրական դատարանի ինստիտուտի և կայացրած ակտի նկատմամբ՝ հայտնում եմ իմ մասնագիտական անհամաձայնությունը: Դեռ 2009թ.-ին, երբ քննարկվող 300.1 հոդվածը նոր էր մտցվում, դիմել էին Վենետիկյան հանձնաժողով և ստացել դրական եզրակացություն: Նույնիսկ հիմա Սահմանադրական դատարանը Վենետիկից և ՄԻԵԴ-ից ստացել էր եզրակացություններ, որտեղ ոչինչ չկար, որը հիմք կտար կարծելու, որ այս նորմի հետ կապված անորոշություն կա»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Ի պատասխան այն դիտարկման, որ կաշառքի հոդվածը պարզապես Ռոբերտ Քոչարյանին ամեն դեպքում կալանքի տակ պահելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք է, Բաղդասարյանն արձագանքեց. «Դրանք սուբյեկտիվ դիտարկումներ են: Խոսքը գնում է օրենքով սահմանված կարգով առաջադրված մեղադրանքի մասին, որի հիմնավորվածությունը կարող է գնահատել բացառապես դատարանը: Մնացած գնահատականները չեմ ուզում մեկնաբանել»:

Անդրադառնալով քննարկվող գործով վկաների՝ դատարան չներկայանալու հարցին, դատախազը նշեց, որ այդ դեպքերի համար քրեական դատավարության օրենսգիրքն առաջարկում է լուծումներ, և դատավարության ընթացքում կիրականացվեն օրենքով պահանջվող գործողությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չէր մասնակցում: Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ նա ունեցել է բժշկական ցուցում, որպեսզի կորոնավիրուսի թեսթ հանձնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930