«Ապրիլի 16-ը պաշտոնապես հայտարարվեց Հայ կինոյի օր, 2019թ հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովն այդ օրը հայտարարեց Հայ կինոյի օր: 1923թ Խորհրդային Հայաստանում ստեղծվեց պետկինոն, որն էլ երկու տարի անց` 1925 թ. «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացման ժամանակ ներկայացրեց առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը կոչվում էր «Խորհրդային Հայաստան»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Նրա խոսքով, 1926 թվականին էլ «Նաիրի» կինոթատրոնում ներկայացվեց առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը` «Նամուսը»: «Այդպիսով ապրիլի 16-ը երկու տարի է, ինչ պաշտոնապես համարվում է որպես Հայ կինոյի օրը»,-հավելեց տիկին Միրզախանյանը: Կինոկենտրոնի տնօրենը հայտնեց, որ 2020թ համաճարակով պայմանավորված չեղարկվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում` այն միջոցառումները, որոնցով Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր մեր երկրում առաջին անգամ նշել Հայ կինոյի օրը: Այս տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ:
«Մենք կոչ արեցինք բոլոր կինոթատրոններին` թե մարզերում, թե Երեւան քաղաքում, որ ապրիլի 16-ին միայն հայկական ֆիլմեր ցուցադրեն: Հուրախություն մեզ, բոլորն արձագանքեցին եւ այդ օրը բոլոր կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել հայկական ֆիլմեր: Կինոթատրոններն ազատ էին ծրագրի ընտրության հարցում: Հայաստանի ազգային կինոկենտրոնն ունի վերջին երկու տարվա ընթացքում ստեղծված ֆիլմեր, որոնց պետական աջակցություն է տրամադրվել` թե կարճամետրաժ, թե լիամետրաժ, թե անիմացիոն:
Մենք դրանցից մի հետաքրքիր ծրագիր կազմեցինք, որն էլ կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: Մեր բոլոր միջոցառումների նպատակն է հանրայնացնել այսօրվա ժամանակակից կինոն: Ծրագիրը կազմելիս մասնավորապես ուշադրություն ենք դարձրել հատկապես կարճամետրաժ ֆիլմերին, քանի որ դրանցից շատերը ստեղծվել են երիտասարդ կինոգործիչների կողմից: Լիամետրաժ ֆիլմերի մեջ էլ կան նոր սերնդի կինոգործիչների գործեր»,-նշեց Շուշանիկ Միրզախանյանը:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում պետբյուջեից կինոնախագծերին միջոցներ տրամադրելիս հատկապես այն կինոգործիչներին, որոնք դեբյուտ են նկարահանում. «Մեր բյուջեի 40 տոկոսից ավելին հատկացվում է նոր սերնդի, սկսնակ կինոգործիչների ֆիլմերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ