ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չէր մասնակցում: Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ նա ունեցել է բժշկական ցուցում, որպեսզի կորոնավիրուսի թեսթ հանձնի. «Համապատասխան տեղեկանքը կա, որ համապատասխան սիմպտոմներից ելնելով է թեսթը հանձնվել: Նրա շրջապատում եղել է կորոնավիրուսով հիվանդ մարդ»:
Թե ո՞վ է եղել՝ պաշտպանն ասաց կարող է հրապարակել փակ նիստում, եթե դատարանը նշանակություն է տալիս այդ հանգամանքին: Քանի դեռ թեսթի բացասական արդյունք չի եղել, Ռոբերտ Քոչարյանը համարվում է կոնտակտավոր եւ ճիշտ է համարել նիստին չգալ, բայց եթե դատարանը գտնի, որ նրա ներկայությունը պարտադիր է եւ կվերցնի պատասխանատվությունն իր վրա, Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը կես ժամվա ընթացքում կներկայանա դատարան:
Ռոբերտ Քոչարյանը կոնտակտավոր անձի հետ շփվել է մեկ շաբաթ առաջ, թեսթ հանձնել է այսօր: Պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը նույնպես մեկուսացած է՝ նույն պատճառով: Նա էլ դատարանին տեղեկանք էր ներկայացրել այդ մասին:
Փակ նիստում պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին մանրամասնեց, թե Ռոբերտ Քոչարյանի շրջապատից ո՞վ է կորոնավիրուսով վարակված, ո՞ւմ հետ է Ռոբերտ Քոչարյանը շփվել: Քիչ ուշ Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը շփվել է հաստատված վարակով անձի հետ:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նախնական նշանակվեց մայիսի 4-ին: Կախված թեսթի արդյունքից՝ նիստի օրը հնարավոր է փոխվի:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի գործը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի՝ կաշառք ստանալու դրվագով: Նախորդ նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, դադարեցրեց բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը արդարացվեցին 300.1 հոդվածով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ