Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանը, առանց բանակում 1օր ծառայելու, ստացել է փոխգնդապետի կոչում, դա համարում եմ պղծություն, մեր թիմից չեն ծառայել, բայց լկտիություն չեն ունեցել կոչում ստանալ». Վահագն Ալեքսանյան

Ապրիլ 13,2021 13:57

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը ՔՊ-ի հանրային կապերի համակարգողն էր, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկող պատգամավորներին համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի հետ:

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ դուք ձեզ Փաշինյանի ուսապա՞րկ եք զգում՝ նա պատասխանեց. «Իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերվել է մի պատգամավորի, ով դավաճանել է իր քաղաքական թիմին, դավաճանել է այն ընտրողներին, ովքեր իրեն ձայն էին տվել՝ նեցուկ լինելու այս քաղաքական թիմին: Եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին ու այն ընտրողներին, ովքեր ինձ ձայն են տվել ու բերել հասցրել ԱԺ, կարծում եմ նման գրոտեսկային համեմատությունը տեղին կլինի նաեւ իմ նկատմամբ ու ցանկացածի նկատմամբ: Քաղաքական դավաճանությունը եւս դավաճանություն է»:

Դիտարկմանը՝ ձեզ էլ մեղադրում են հայրենիքը դավաճանելու մեջ, կարեւորը պետության, հայրենիքի՞ շահն է, թե՞ ձեր թիմի՝ նա պատասխանեց. «Ո՞վ է մեղադրում: Մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ թալանել է, տարիներ շարունակ աչքի է ընկել բանակի թալանով: Լկտիությունն այն աստիճան է հասել, որ ծաղրում են ՀՀ վարչապետին՝ բանակին միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Երեւի պիտի եփած ցորենով պահեր: Դուք տեսել եք այդ դավաճանության մեջ մեղադրողների դղյակները, բոլորդ եք տեսել»:

Դիտարկմանը, որ ասում են՝ եթե գող էինք, թալանչի էինք, բայց հողերը պահում էինք, Շուշին, Հադրութը պահում էինք՝ նա արձագանքեց. «Կատարյալ հիմարություն է: Հատկապես, եթե չեմ սխալվում բանակում առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Աշոտյանն էր նման հայտարարությամբ հանդես եկել, ինչը անձամբ համարում եմ պղծություն բանակի նկատմամբ: Մեր թիմից եթե նույնիսկ չեն ծառայել, ունեցել են օրենքով նախատեսված տարկետում, բայց լկտիություն չեն ունեցել փոխգնդապետի կոչում ստանալու: Մարդը, առանց բանակում մեկ օր ծառայելու, ստացել է փոխգնդապետի կոչում ու ես դա համարում եմ պղծություն»:

Խոսելով պատերազմի արդյունքների մասին՝ Ալեքսանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ բանակցային գործընթացը փակուղում է, բա ի՞նչ պետք է տեղի ունենար դրանից հետո, եթե ոչ պատերազմ. «Ժառանգել էր փակուղում գտնվող իրավիճակ: Փակուղին չէր կարող հավերժ շարունակվեր…Ադրբեջանը, ունենալով անհամեմատ մեծ բյուջե, զինվել է, իսկ ՀՀ-ում տեղի ունեցել փաստացի բանակի թալան ու բնականաբար, 25 տարում գալու էր ու հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի մի աստիճանի, որը բեկել, 5 տարում մեզ ցավոք չի հաջողվել: Մենք մեղավոր ենք գուցե նրանում, որ չենք կարողացել բեկել»:

Հարցին՝ Արցախի մեծ մասի կորստի, ավելի քան 5000 զոհ ունենալու մեջ ո՞վ է մեղավոր՝ պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, մեղքի մեծ բաժինը այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց խղճի խայթի թալանել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ». ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Վահագն Ալեքսանյանին՝ մասնավորապես գրելով, թե Արմեն Աշոտյանը «Բժշկական համալսարանն ավարտել ու այլ հազարավոր շրջանավարտների պես որպես բժշկական ծառայության լեյտենանտ տարիների ընթացքում, այդ թվում, որպես ամենախոշոր համակարգերից մեկի 7 ամյա նախարար, ում ղեկավարած գերատեսչությունը բարձր մակարդակով և արդյունավետությամբ մասնակցել է համապետական բոլոր զորավարժություններին, ստացել է հերթական զինվորական կոչումները: Վերջին պատերազմի մեկնարկից հետո 5-րդ օրը զորակոչվել է բանակ և, ի տարբերություն անգրագետ թռածներից և նորաձևության էռատոյախառը ֆոտոսեսիաների մասնակիցների, ծառայել է 2.5 ամիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930