«Օրերս հանդիպեցի ազգային հերոս Հովիկ Ասատրյանի հորեղբոր հետ։ Նրանք Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից են։ Հովիկի հետ վերջին անգամ ընտանիքի անդամները խոսել են սեպտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի երկուսին էլ նրա մասին խոսել է Արծրուն Հովհաննիսյանը, ասել հերոսությունների մասին, հայտնել, որ հերոսի կոչում են շնորհելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Կոչումը շնորհվեց։ Հովիկը մինչեւ այսօր անհետ կորած է։ Որեւէ մեկը տեղը չգիտի, չգիտենք, թե որտեղ փնտրել։ Նա, լինելով երկկողմանի ծնողազուրկ, զորակոչվել է բանակ։ Ունի երկու եղբայր, խնամակալը հորեղբայրն է։ ՊՆ-ն եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մերժում են Հովիկ Ասատրյանի հարազատ եղբայրներին ճանաչել շահառու եւ փոխհատուցում տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ նրանք չեն մտնում ընտանիքի անդամ համարվողների ցանկի մեջ։ Այսինքն, եղբայրները շահառու չեն համարվում։ Մոտ տասը նման դեպք ունենք։ Կարգավիճակ է պետք է տալ եւ դա հնարավոր է անել կարճ ժամանակում»,-հավելեց Թագուհի Թովմասյանը։
Նա պատկան մարմիններին կոչ արեց կամք ցուցաբերել ու խնդիրը լուծել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ