Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկիրը փորձադաշտ չի, որ գնաք այնտեղ ծանոթանաք»․ պատգամավորները քննադատեցին ՀԾԿՀ անդամի թեկնածուին

Ապրիլ 13,2021 13:07

«Դուք աշխատել եք ՀԷՑ-ում։ Կուզենայի՝ ԱԺ ամբիոնից իսկապես ասեք, որ շահերի բախում չի լինի, որովհետեւ կա փորձ։ Մինչեւ հիմա ՀԾԿՀ-ն հանրային ընկալումներում սպասարկում է խոշոր ընկերությունների շահերը։ Գրեթե չկա դեպք, որ սակագնի բարձրացման հայտը մերժվի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Լեւոն Բունիաթյանին ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Նոյեմբերից խոշոր սպառողների համար գազը թանկացավ, եւ հիմա տեղեկություններ կան, որ շարքային քաղաքացիների համար եւս գազի գնի բարձրացման հայտ է ներկայացվելու։ Ունե՞ք տեղեկություն»,-հարցրեց Թագուհի Թովմասյանը։ «Ես ձեզանից չլսեցի հավաստիացում, որ հանձնաժողովում լինելու եք հանրային ներկայացուցիչ»,-հավելեց նա։

Լեւոն Բունիաթյանը վստահեցրեց, որ հանձնաժողովում իր աշխատանքում չի լինելու ՀԷՑ-ի հանդեպ որեւէ շահագրգռվածություն․ «Նորից եմ ասում, որ 2016թ․-ից չեմ աշխատում ՀԷՑ-ում։ Ինչ վերաբերում է գազի գնին, տեղեկություն չունեմ։ Ընտրվելու դեպքում գազի սակագնի բարձրացման կետերի խորն ուսումնասիրություն կանեմ»։

Թագուհի Թովմասյանը նշեց՝ տպավորություն է, որ թեկնածուն չի ուսումնասիրել ՀԾԿՀ-ի նախորդ որոշումները․ «Եթե չունեք թանկացումները կանխելու պատկերացում, ո՞նց եք գնում այդ հանձնաժողով՝ հանրային շահը սպասարկելու»։ Թեկնածուն պնդեց, որ պատկերացում ունի։

«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ արձանագրեց՝ առաջին անգամ է տեսնում, որ թեկնածուի ելույթի համար ընձեռնված քսան րոպեից վերջինս օգտագործի 3-4 րոպեն․ «Քսան րոպե տեսլական ներկայացնելու հնարավորություն ունեիք, բայց ոչինչ չասացիք ձեր տեսլականի, օրենսդրական ակտերի եւ խնդիրների, ձեր դերակատարության մասին։ Շատ հարցերին ի պատասխան ասում եք, թե դեռ ծանոթ չեք, կգնաք հանձնաժողով աշխատելու՝ կծանոթանաք։ Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի, որ գնաք այնտեղ ծանոթանաք»։

Լեւոն Բունիաթյանը նշեց, որ իր ելույթը «կոնսպեկտ» է արել՝ չուզենալով պատգամավորների թանկագին ժամանակն օգտագործել մնացած հարցերի վրա․ «Ժամանակ ինձ քիչ է տրված եղել՝ հանձնաժողովի գործունեությունն ուսումնասիրելու համար։ Ես ունեմ մասնագիտական փորձ, բայց տեղափոխվելիս պետք է որոշակի ժամանակ աշխատել՝ փորձ ձեռք բերելու համար»։

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց, որ մինչեւ պատգամավոր ընտրվելն ինքը չի եղել պատգամավոր, սակայն տիրապետել է իր ոլորտի իրավական փորձին ու իր ընտրողներին չի ասել, թե երբեւէ պատգամավոր չի եղել, ուստի չգիտի այս կամ այն խնդրի լուծումը։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց, որ թեկնածուի անպատրաստ վիճակն անարգանք է «Իմ քայլի» կողմից Աժ-ի հանդեպ․ «Այս թեկնածուին ներկայացնելն անթույլատրելի է։ Առաջարկում եմ հանել ձեր թեկնածությունը։ Չեմ հավատում, որ ունեք բավարար կամք՝ խոշոր ընկերությունների շահը հանրային շահին ստորադասելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930