Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշխատել եք ՀԷՑ-ում․ ձեր պաշտոնի ձգտումը համահո՞ւնչ է ձեր անցած ճանապարհին»․ Բագրատյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին

Ապրիլ 13,2021 12:18

«Դուք պաշտոններ եք զբաղեցրել ՀԷՑ-ում եւ հիմա ցանկանում եք ՀԾԿՀ անդամ դառնալ։ Այդ պաշտոնները հակադիր են, որովհետեւ դուք փաստարկելու եք այն, որ ՀԷՑ-ը սակագնի բարձրացման առաջարկի դեպքում հանրային շահ չի սպասարկելու։ Այսինքն, հանրային շահի սպասարկման տեսանկյունից դուք պետք է դիմադրեք ՀԷՑ-ի կողմից սակագնի բարձրացմանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Լեւոն Բունիաթյանին ասաց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Եղե՞լ է մի դեպք, որ դուք դիրքորոշում արտահայտեք սակագների բարձրացման հայտեր ներկայացրած ՀԷՑ-ի հանդեպ, «Վեոլիա ջրի» կամ բջջային օպերատորների հանդեպ։ Ձեր պաշտոնի ձգտումը համահո՞ւնչ է ձեր անցած ճանապարհին։ Դուք պատրա՞ստ եք հանձնաժողովում սպասարկել հանրային շահը, թե պետք է շարունակեք պաշտպանել բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների շահերը»,-հարցադրումները շարունակեց Սերգեյ Բագրատյանը։

Ի պատասխան Լեւոն Բունիաթյանը նախ հայտնեց, որ 2016թ․-ից այլեւս չի հանդիսանում ՀԷՑ-ի աշխատակից․ «Չեմ տեսնում որեւէ հակադրություն։ Այո, պատրաստ եմ սակագնի բարձրացման բոլոր դիմումները խորն ուսումնասիրել եւ մասնագիտական եզրակացություն տալ՝ ընդդիմանալ, որպեսզի սակագնի բարձրացում չլինի։ Ավելին՝ ՀԷՑ-ում ես աշխատել եմ տեխնիկական բլոկում եւ իրականացրել օպտիմալացում։ Իմ գործունեությունը չի առաջացրել իրավիճակ, որից ելնելով՝ ՀԷՑ-ը մտադիր կլիներ ծախսերը ներառել սակագնի բարձրացման մեջ։ Կողմ եմ, որ էներգակիրների գնի բարձրացում չլինի, որովհետեւ դա ազդում է տնտեսության վրա»։

Բագրատյանը Բունիաթյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ապացուցել, որ ՀԷՑ-ում ավելորդ ծախսեր չկան․ «Կասկած կա, որ ծախսագրումների հատվածը մեծացնում են՝ սակագնի բարձրացումը հիմնավորելու համար»։ Բունիաթյանն արձագանքեց, որ հարցին կպատասխանի, եթե ՀԾԿՀ-ում աշխատանքի անցնի․ «Ներկայացված ծախսերը հիմա հնարավոր չէ մեկնաբանել, չեմ տիրապետում տվյալներին»։

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ որպես օրինակ շեշտեց, որ քաղաքացիներն ամեն Ամանորին ընդառաջ խնդիրների առաջ են կանգնում՝ հայտնաբերելով էլեկտրաէներգիայի հաշվիչների ոչ տրամաբանական թվերը․ «Պատրա՞ստ եք աշխատել ինձ հետ»։ Բունիաթյանը պատրաստակամություն հայտնեց ընտրվելու դեպքում խնդիրն ուսումնասիրել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930