ՀՀ Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու Նաիրա Զոհրաբյանին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով:
Որոշման հրապարակման ժամանակի և վայրի մասին նախապես կողմերին կծանուցվի:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկել էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից:
Նաիրա Զոհրաբյանի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե համոզմունք չունենային, որ թույլ է տրվել խախտում, և կայացված որոշումը հակասահմանադրական է, դիմում չէին ներկայացնի ՍԴ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս են հիմնավորում իրենց պնդումը, որ կայացվել է հակասահմանադրական որոշում, քանի որ իշխող խմբակցությունը հղում էր անում Նաիրա Զոհրաբյանի գրառմանը, Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. «Գրառմանը չեմ անդրադառնա. եթե գրառումը անհամատեղելիության համատեքստում քննարկվում էր, ուրեմն էթիկայի հանձնաժողով պիտի կազմվեր, ու միայն այդ հանձնաժողովի համապատասխան եզրակացության վրա կարող էին համապատասխան եզրահանգում կատարել: Մեր խորին համոզմամբ և Սահմանադրության 106-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասության մեկնաբանությամբ ու դրա հիման վրա ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մեկնաբանությամբ՝ հանձնաժողովի նախագահին առաջադրում է խմբակցությունը և հենց այդ խմբակցությունը կարող է հետ կանչել: Մեկ այլ խմբակցություն չի կարող դա անել»:
Հովիկ Սուքիասյանն ասաց՝ ՍԴ-ի որոշումից հետո կհայտնեն իրենց հետագա քայլերի մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ