«Երեկ ես եւ ՄԻՊ Արման Թաթոյանը մինչեւ 23:00-ն մասնակցում էինք Հայ դատի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի գործընկերների կազմակերպած վեբինարին, որում մանրամասն ներկայացրել ենք վերջին ամիսների իրավիճակը։ Հատուկ անդրադարձել ենք Բաքվում այդ «թանգարանի» բացմանը։ Լուսանկարները մեր գործընկերներին ցույց ենք տվել ավելի վաղ, քան դրանք հայտնվել են համացանցում։ Աշխատանք արվում է, խնդրում եմ, պարոն Մարուքյան, եկեք մեր միջազգային հարաբերություններում միասնական գործենք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացմանը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Հիշեցնենք, որ այս առիթով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել էր այսօր ԱԺ ամբիոնից հնչած պատգամավորների քննադատություններին՝ կոչ անելով դրա փոխարեն գործ անել։ «Եկեք արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքաղաքական հաշիվներ պարզելու համար։ Դրանով օգուտ չենք տա պետությանը»,-համոզմունք հայտնեց Արման Եղոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ