ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն ասում է՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, չի կարելի հավատալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հունիսի 20-ին ընտրություններ կլինեն։ Երբ պաշտոնապես հայտարարվի, ՀՀԿ-ն էլ կհայտարարի իր դիրքորոշումը։ «Ջուրը չտեսած՝ չենք բոբիկանում»,- ասում է նա։
– Պարոն Նիկոյան, քաղաքական դաշտում ՀՀԿ-ն է այն միակ ուժը, որը կասկածում է ընտրությունների անցկացման հարցում, մտածում եք, որ ընտրություններ չե՞ն լինի։
– Ես ամեն ինչին հավատում եմ կամ ամեն ինչին չեմ հավատում։ Դուք ուզում եք, որ մի ստախոսի հայտարարությա՞ն հավատամ, այդ մարդը երեք տարվա մեջ մի ճիշտ բան ասե՞լ է, որի հիման վրա քաղաքական ուժը պաշտոնական տեսակետ հայտնի։
– Ընտրություններին մասնակցելով՝ պետությանը հնարավո՞ր է օգուտ տալ, թե՞ դուք էլ շատերի պես կարծում եք, որ այս ընտրությունները լինելու են իշխանության վերարտադրության միջոցառում։
Կարդացեք նաև
– Ես իմ տեսակետն եմ արտահայտում, որ, իհարկե, դավադիր, դավաճան, կապիտուլյանտ ղեկավարության հետ ընտրությունների գնալն անհեթեթություն է, որ ինքը մեկ խնդիր ունի, ուզում է լեգիտիմացնել իր դավաճանությունը, իքս քանակի ձայներ հավաքելու դեպքում ամբողջ աշխարհին կարող է ասել՝ տեսեք, մենակ ես չեմ դավաճան, այսքան մարդ է ինձ ձայն տվել, ուրեմն ես դավաճան չեմ։ Մասնակցելով՝ մի կողմից օգնում ենք, որ ինքը կարողանա նման ձեւակերպում տալ եւ լեգիտիմացնել իր դավաճանությունը, մյուս կողմից էլ՝ չպետք է թույլ տալ, որ ինքը վերարտադրվի։ Ես կրկնում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն ցանկացած քայլ անելիս պետք է առաջնորդվի հետեւյալ սկզբունքով՝ ինչքանով է ինքն օգտակար լինելու պետությանը։ Եթե դու քո պասիվ կեցվածքով օժանդակում ես, որ նա վերարտադրվի, դա նշանակում է, որ այնքան էլ օգուտ չես տալիս։ Այնպես որ, կան բազում «եթե»-ներ, բազում հարցեր։
– Մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ չի բացառվում՝ ՀՀԿ-ն այլ ուժի սատարի, կուսակցական ակտիվը հանգրվանի այլ ուժի ցուցակում, եւ ձեր դեմքով չգնաք ընտրության։
– Ես անձնապես այդ տարբերակը բացառում եմ․ ՀՀԿ-ն պետք է մասնակցի իր բրենդով։
– Ասացիք, որ պետք է առանձին-առանձին մասնակցել, իսկ հետընտրական փուլում հնարավոր համարո՞ւմ եք անհավանական դաշինքներ կազմել, օրինակ, ՀԱԿ-ի հետ։
– Հետընտրական պրոցեսում՝ արդեն պառլամենտում, պետք է թույլ չտալ ազգադավ սրիկայի վերարտադրությունը, սա պետք է սկզբունք ընդունել եւ այդ սկզբունքից ելնելով՝ ես անձնապես ամեն ինչ էլ տեսականորեն հնարավոր եմ համարում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: