«Մեզ թվում է, որ խորհրդարանում դատափետող ելույթները մեծ ազդեցություն են ունենում Ադրբեջանի վրա՞․․․իրենք կասեն՝ մի պուրակ բացեցին, մի ամբողջ երկիր խառնվեց իրար․․․իսկ մենք ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացմանը եւ այդ առիթով այսօր ԱԺ ամբիոնից հնչած պատգամավորների քննադատություններին։
Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ Մարուքյանը հարցրեց․ «Ձեր այսօրվա հայտարարություններն ու վերջին երեք ամսվա ասածներն իրար հետ բռնո՞ւմ են։ Չեն բռնում։ Ուրիշ բան ասեմ՝ ո՞ւր է ԱԳՆ-ի հայտարարությունը։ Ձեզ թվում է, որ եթե այստեղից հայերենով Ալիեւին շան տուր եք տալիս, դա ազդո՞ւմ է աշխարհի վրա։ Աշխարհը նստած նայո՞ւմ է մեր նիստը․․․բա միջազգային դիվանագիտական աշխատանքն ո՞ւր է։ Գործ պետք է արվի, որպեսզի աշխարհը տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարի հետ գործ ունի Հարավային Կովկասում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ