Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե ներդրվեն անօդաչու թռչող սարքեր այդ տարածքներում, որպեսզի մշտադիտարկում կատարվի». Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 13,2021 11:36

«Ադրբեջանը հաշվի չի առնում, որ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը»: ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 7-ին Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների դեպքին՝ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում խոսելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անցնող մեքենաների քարկոծման մասին՝ Դավիթ Բաբայանն ասել էր, որ այսօր քարերով են խփում, վաղը այլ բանով կխփեն: Բաբայանից հետաքրքրվեցինք՝ վաղն արդեն եկե՞լ է: Նախարարն ասաց, որ մենք պետք է պահենք սառնասրտություն և չքաղաքականացնենք միջադեպը. «Երբեք չպետք է տրվել սադրանքներին և էմոցիաներին, պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել»:

Հարցին՝ որո՞նք են այդ ճիշտ քայլերը, Դավիթ Բաբայանը նշեց. «Պետք է խորացնել համագործակցությունը խաղաղապահ ուժերի հետ, զուգահեռ դրան՝ տարբեր ատյաններում բարձրաձայնել բոլոր դեպքերի մասին: Խաղաղապահների հետ էլ մենք այս հարցերը քննարկում ենք: Իրենք ցանկացած այսպիսի դեպքի վատ են արձագանքում, որովհետև այսպիսի դեպքերը խարխլում են տարածաշրջանի խաղաղությունը»:

Բաբայանի խոսքով՝ տակտիկական քայլերից մեկը պետք է լինի տեխնիկապես հագեցված լինելը. «Միգուցե ներդրվեն անօդաչու թռչող սարքեր այդ տարածքներում, որպեսզի մշտադիտարկում կատարվի: Ամենատարբեր հարցեր քննարկվում են ռուսական կողմի հետ, որոնք կարող են էլ ավելի նվազեցնել խախտման դեպքերը: Մտածել, որ 100 տոկոսով փակվելու է հարցը՝ բարդ է, բայց, գոնե, պետք է հասցնել այդպիսի դեպքերը մինիմումի»:

Արցախի արտգործնախարարի խոսքով Ադրբեջանի այս քայլերը լոկալ բնույթ չեն կրում. «Դժբախտաբար ադրբեջանական կողմն ավելի կազմակերպված է, իրենց պետական քաղաքականությունն ավելի լավ է մշակված, և մենք իրենցից շատ բան ունենք սովորելու: Իրենք այս քայլերով ոչ միայն փորձում են վնաս հասցնել մեզ, սա սադրանք չէ Սարուշենի բնակիչների նկատմամբ, այլ ոտնձգություն է ամբողջ Արցախի նկատմամբ, որպեսզի մարդկանց մոտ վհատության և անվստահության մթնոլորտ առաջանա: Մարդիկ մտածեն, որ Արցախում ապահով չէ և չվերադառնան իրենց բնակավայրեր: Բայց իրենց ամենակարևոր նպատակը՝ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների խարխլումն է: Նման քայլերը հարված են ռուս խաղաղապահների աշխատանքին, որ տեսեք՝ մենք կարողանում ենք իրենց շրջանցել ու կարծիքը հաշվի չառնել, այս ամեն ինչը մտածված է: Դրա համար մենք պետք է լինենք սառնասիրտ»,- նկատեց Բաբայանը:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930