Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա է իրական ընդդիմադիր ձայները փոշիացնելու վտանգ». «Փաստ»

Ապրիլ 13,2021 11:16

Շատերի համոզմամբ, երեք միլիոնանոց Հայաստանում այսքան քաղաքական ուժերը պարզապես «շքեղություն» են:

Բոլոր ուժերի գաղափարներն էլ սիրուն են: Իսկ թե ինչ է լինում հետո, բոլորիս աչքի առջև է: Հենց միայն 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններն ու մեր երկրին վրա հասած բազում հարվածները դրա վառ վկայությունն են:

Հենց դրա արդյունքում է, որ հանրությունը փորձում է գեղեցիկ ծրագրերից ու գաղափարներից զատ նաև այդ գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ կոնկրետ գործողությունների ու այդ հարցում անցած ուղու վրա ուշադրություն դարձնել։ Նաև հասկանալ այդ գաղափարների ու խոսքերի հետևում կանգնած անձանց ով ու ինչպիսին լինելը: Այստեղ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Իրական ընդդիմությունը այսօր լուրջ գործոն է և հավակնում է հստակ իշխանափոխության: Դա գիտակցում են նաև իշխանությունները, դրա համար էլ հետևում են իրական ընդդիմության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրան զուգահեռ փորձում քաղաքական դաշտում աճեցնել իրենց կողմից ներդրված քաղաքական ուժերի, որոնք պիտի ընդդիմությունից ինչ-որ կերպ ձայներ փախցնելու գործառույթ իրականացնեն, իսկ հետո, երբ պետք լինի, կարող են սահուն անցնել իշխանական ճամբար։

Բայց խնդիրն այն է, որ հանրության՝ ընդդիմադիր հատվածի ձայները ստանալու տեսանկյունից իրական ընդդիմության, հիմնական դերակատար ուժերի հետ մրցակից են դառնում նաև ընդդիմադիր «պուպուշ» գաղափարներով տոգորված նորահայտ (կամ որպես միավոր նոր հայտ ներկայացնող) քաղաքական ուժերը։ Հասկանալի է, որ ընդդիմադիր դաշտը չի կարող հանդես գալ մեկ միասնական միավորով, դա չափազանց վտանգավոր է, սակայն մյուս ծայրահեղությունը պակաս վտանգավոր չէ. որքան շատ պառակտված ու բազմազան լինի ընդդիմադիր դաշտը, այնքան դա իշխանությունների օգտին է։ Հարցն այն է, որ այս պարագայում առկա է իրական ընդդիմադիր ձայները փոշիացնելու վտանգ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք ո՛չ գործնականում, ո՛չ էլ նույնիսկ տեսականորեն պարզապես չեն կարող անգամ 3 տոկոսին մոտենալ:

Եվ ինչքան էլ գաղափարներն ազնիվ լինեն, այդ ուժերը, առանձին մասնակցելով, նպաստելով ձայների փոշիացմանը, վտանգի տակ են դնում ընդդիմության հիմնական առաքելությունը, այն է՝ վռնդել երկրի գլխին պատուհաս դարձած իշխանություններին։ Գոնե այդ հարցում ընդդիմադիր ուժերը պետք է միասնական լինեն ու որևէ պարագայում չպայքարեն միմյանց դեմ: Այսինքն՝ առկա է մեկ հարց՝ «կոնսենսուս՝ մինուս Նիկոլ»: Սա չափազանց կարևոր է: Այնպես որ, ոչ Նիկոլի գրպանային, այլ իրոք ընդդիմադիր ուժերը առաջիկայում դիրքորոշումների վերջնական հստակեցման առաջնային խնդիր ունեն։ Ու մեկ գլխավոր նպատակ, ինչի մասին խոսեցինք վերևում…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930