«Ալիեւի երեկվա ելույթը մինչեւ այսօր հնչած թերեւս ամենաանկեղծ խոսքն էր նրանից։ Նա խոստանում է ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռեւանշի մասին։ Նա ասում է, թե այսքան տարի բանակցել է մի նպատակով՝ սպառազինություն ձեռք բերելու եւ հայերից վրեժ լուծելու համար»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարություններին։
Նա նշեց․ «Գերիների հետ կապված սկանդալային պատմությունը կասկած չի թողնում, որ նրանք պատանդ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին։ Մոսկվան չի կարողանում կատարել նոյեմբերի իննի հայտարարությամբ ամրագրված՝ միջնորդի, խաղաղապահի դերը։ Նա պետք է երաշխավորեր գերիների վերադարձը։ Մոսկվան պետք է իրականացնի այդ հանձնառությունը։ Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները՝ մինչեւ մեր գերիների վերադարձը։ Ալիեւն առաջիկայում մեր գերիների հարցն օգտագործելու է նաեւ նախընտրական թեժ ժամանակահատվածում՝ իր համար ձեռնտու մթնոլորտ ապահովելու համար մեր երկրում։ Դրանից օգտվելու են մեր ներսի թշնամիները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ