Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքել, բայց «այդպիսի ազդակներ չեն ստանում»:
«Մենք կարծում ենք, որ հակամարտության էջը փակված է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի հնարավորության մասին,- ասել է նա:- Մեր ծրագրերն այդպիսին են, բայց հայկական կողմից որևէ այդպիսի ազդակ չկա: Որպես նախագահ՝ ես նայում եմ առաջ: Մենք կանենք ամեն բան, եթե դրական ազդակներ ստանանք Հայաստանից»:
Ալիևը կարծում է, որ իրավիճակը տարածաշրջանում նախկինի պես շարունակում է մնալ փխրուն: «Իրավիճակը պատերազմից հետի նախկինի պես մնում է փխրուն: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մեր առջև ծառացած են հետպատերազմական զարգացումների բազմաթիվ հարցեր»,- ասել է նա:
Ուշագրավ է, որ Ալիևի հաշտության մասին հայտարարությունը հնչել է Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման ֆոնին:
Կարդացեք նաև
Երեկ Ալիևը ներկա էր գտնվել պուրակի հանդիսավոր բացման արարողությանը, որի ժամանակ անդրադարձել էր պատերազմի մի շարք դրվագների: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ դեռ պատասխանի է սպասում, թե որտեղից էին Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Մ» հրթիռներ, որոնք հայտնաբերվել են Շուշի քաղաքում: «Որտեղից հայերին այդ հրթիռները: Այդ հրթիռները չպետք է լինեին,- ասել էր նա:- Առայժմ մենք չենք կարողացել պատասխան ստանալ, բայց կստանանք»:
Ալիևը նաև ասել էր, որ «Իսկանդեր» հրթիռներն օգտագործվել են արդեն Շուշիի գրավումից հետո: «Մենք բավարար չափով տեղեկություն ունենք: Պարզապես մենք պաշտոնական բացատրության ենք սպասում»,- ասել էր նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ