«Սա ճիշտ քաղաքական որոշում է, բայց մի խնդիր կա։ Հասկանում եմ բարոյական նշագիծը, թե ինչու է սահմանված «ներառյալ սեպտեմբերի 26»-ը։ Այսինքն՝ ներառյալ պատերազմի մեկնարկը։ Բայց ես հարյուրավոր նամակներ եմ ստանում սփյուռքի հայրենակիցներից, որոնք ասում են՝ ուզում էին վերադառնալ եւ գնալ Արցախ, բայց, ցավոք, կորոնավիրուսի պատճառով թույլ չեն տվել մուտքը ՀՀ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով զինծառայությունից խուսափածների հանդեպ համաներում կիրառելու մասին կառավարության որոշմանը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այն հայրենակիցները, որոնք իսկապես ցանկացել են կամավորագրվել, չեն կարողացել մեկնել։ Հասկանալով այդ նշագիծը՝ խնդրում եմ այս հարցը քննարկել։ Հարյուրավոր երիտասարդներ ուզել են գալ, բայց օդային սահմանները փակ են եղել։ Կարծում եմ՝ սահմանը պետք է վերանայել։ Եթե գրագետ որոշում է կայացվել բանակը բարեփոխելու, ապա նշագիծ պետք է սահմանվի մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 31-ը»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշումն առնչվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչեւ պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից ու զորահավաքային զորակոչից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ