Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Նիկոլը քեզ բարի լույս ասի, չպետք է վստահես, որ առավոտ է, ուր մնաց հավատաս բանավոր հայտարարությանը. «Հրապարակ»

Ապրիլ 13,2021 10:53

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ զրույցը կամ հարցազրույցը, որը հանգստյան օրերին հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, անգամ քաղաքական անցուդարձին հետեւող մարդկանց մոտ մի շարք հարցականներ է առաջացրել։ Մասնավորապես, այդպես էլ հստակ չէր՝ Միքայել Մինասյանը, ի վերջո, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ։ Եթե այո՝ ինչպե՞ս, ո՞ր քաղաքական ուժով։

Իսկ ինչպե՞ս կմասնակցի իր դեմքով, եթե բնակության ցենզի խնդիր ունի, այսինքն՝ 2 տարուց ավելի բացակայել է երկրից, ինչն օրենքի պահանջ է։

Հարցն ուղղեցինք Միքայել Մինասյանի հետ հարցազրույցն անցկացրած, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանին, որն ասաց․ «Որեւէ իրավական խոչընդոտ գոյություն չունի Միքայել Մինասյանի բնակության ցենզի հետ կապված։ Փոխարենն արտահերթ ընտրություններ նախ դեռ պիտի նշանակվեն, եւ երկրորդ՝ Միքայել Մինասյանն ինքը պիտի մասնակցության որոշում կայացնի»։

Ի պատասխան հարցին, թե միանալո՞ւ է Մինասյանի կոչին, որով ընկերներին, համախոհներին կոչ արեց միանալ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, եւ, առհասարակ, ի՞նչ արձագանքներ կան։ «Քառյակ մեդիայի» համահիմնադիրն ասաց․ «Ես՝ ինքս, միանալու կամ չմիանալու խնդիր չունեմ։ Մենք վաղուց միացած ենք։ Արձագանքների մասով՝ միանշանակ դրական։ Միքայել Մինասյանի հարցազրույցն օգնեց ծավալել բանավեճ ամենակարեւորի՝ ապագայի մասին»։ Ընտրությունները լինելու են մաքուր համամասնական, Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ ո՞ր կուսակցությունով կարող է հանդես գալ Մինասյանը։ «Չկան նշանակված ընտրություններ, ուստի Ձեր հարցը չունի պատասխան։ Նիկոլը քեզ բարի լույս ասի, չպետք է վստահես, որ առավոտ է, ուր մնաց նրա բանավոր հայտարարությունը հիմք ընդունես։ Երբ կնշանակվեն արտահերթ ընտրություններ, Միքայել Մինասյանը կկայացնի իր որոշումը, բոլոր հարցերն էլ կստանան իրենց պատասխանները»,- հավելեց Ֆարմանյանը։ Նրան եւս մեկ հարց ուղղեցինք․ «Միքայել Մինասյանը, պատասխանելով Ձեր դիտարկմանը, ասաց, որ չի սատարելու այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ իրական ընդդիմադիր, եւ ասաց՝ հիմա իր հերթն է։ Հետեւաբար, նա՝ ինքը, ակնկալո՞ւմ է աջակցություն այլ ուժերից, որոնց չի սատարելու, եւ արդյո՞ք դա առաջին հերթին ՀՀԿ-ն է»։

Սամվել Ֆարմանյանն ի պատասխան ասաց․ «Մեկ գերխնդիր կա. Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից՝ փրկելու այն, ինչ հնարավոր է դեռ փրկել։ Հիմա փաստացի ստացվել է մի իրավիճակ, որ այդ գերխնդիրը դեռ լուծված չէ։ Չենք կարողացել, չի ստացվել, չենք ուզել, չգիտեմ։ Արդեն էական էլ չէ։ Միքայել Մինասյանն ասում է մեկ պարզ բան. Նիկոլ Փաշինյանին, չկասկածեք, կվռնդի իշխանությունից»։ Այնուամենայնիվ, չե՞ն կարծում, որ չմիաբանվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության շանսերը կմեծանան, Ֆարմանյանն ասաց․ «Քամուց քշվածը Հայաստանում կարող է վերարտադրվել միայն մեկ դեպքում, եթե ընդդիմությունը կրկին ձախողի իր գործը։ Այսքան բան»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930