«Այդ խայտառակ պուրակի բացումն ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլեւ համամարդկային արժեքներին, որովհետեւ հայատյացության բարձր մակարդակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է, ցուցադրվեց աշխարհին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացմանը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Լավ է, որ միջազգային պարբերականներն արդեն գնահատական են տվել, բայց այս քաղաքականությունն Ադրբեջանում հասել է բարձր մակարդակի։ Սա անարգանք է զոհերի, անհետ կորածների եւ գերեվարվածների նկատմամբ։ Այս հարցում քաղաքական հայացքներ չպետք է լինեն։ Բոլորս պետք է ցույց տանք, որ հայ մարդու արժանապատվությունը բարձր է ամեն ինչից»,-հավելեց Նազելի Բաղդասարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ