ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Առավոտ». Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանը թերացումների համար ազատվել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, հետո նշանակվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ: Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ տալուց հետո նա նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդական: