Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան. «Երեւի թե իմ փաստարկները այնքան էլ համոզիչ չեն եղել Հանրապետության նախագահի համար». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 13,2021 09:30

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ Սահմանադրական դատարան է դիմել՝ դատական իշխանությանը վերաբերող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու հարցով:

Այս անգամ խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծի մասին է, որը Ազգային ժողովում նախորդ ամիս 2 ընթերցմամբ ընդունվեց:

Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի՝ առաջարկվում էր քաղաքացուն հնարավորություն ընձեռնել՝ դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։ Առաջարկվում էր նաեւ սահմանափակումներ դնել կողմերի միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։

Օրինագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ ընդամենը կարող է ափսոսանք եւ ցավ արտահայտել, որ իրենց կողմից առաջարկվող կարգավորումները ուժի մեջ չեն, չեն կիրառվում, որովհետեւ իր համոզմամբ՝ դրանք կարող էին էական փոփոխություններ մտցնել արդարադատության համակարգի մեջ:

– Քննարկում չե՞ք ունեցել նախագահի հետ. մինչ ընդունումը կարծիք չէ՞ր հայտնել, թեկուզ փորձագետների միջոցով:

– Օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հանդիպումներ չեն եղել, բայց ընդունվելուց հետո ՀՀ նախագահի հետ ես անձամբ հանդիպում եմ ունեցել եւ ներկայացրել եմ իմ մոտեցումները, ներկայացրել եմ դատական իշխանությունում առկա իրավիճակը, խնդիրները, հնարավոր լուծումները, եւ երեւի թե իմ փաստարկները այնքան էլ համոզիչ չեն եղել Հանրապետության նախագահի համար: Ես չեմ մեկնաբանում սահմանադրական մարմինների սահմանադրական լիազորությունը. Ազգային ժողովն իրավասու է ընդունել օրենքներ, Հանրապետության նախագահն իրավասու է կամ ստորագրել օրենքները կամ դիմել Սահմանադրական դատարան: ՍԴ-ն իրավասու է համապատասխան որոշում կայացնել դրանց սահմանադրականության հարցով:

– Կարո՞ղ ենք ասել՝ որպես համահեղինակ՝ արդարացի չեք համարում նախագահի այս քայլը:

– Գիտեք, եւս մեկ նախագիծ կար, որ դատական օրենսգրքի փոփոխություններին էր վերաբերում, որը եւս ՍԴ ուղարկվեց նախագահի կողմից: Չեմ կարող գնահատել արդարացի կամ ոչ արդարացի լինելը, բայց ես նախագահին էլ եմ փոխանցել, պարզապես պետք է ափսոսանք եւ ցավ արտահայտեմ, որ այդ կարգավորումները առ այսօր ուժի մեջ չեն, չեն կիրառվում, որովհետեւ դրանք կարող էին էական փոփոխություններ մտցնել արդարադատության համակարգի արդյունավետ գործունեության մեջ: Խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, երբ սահմանվում էր, որ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն պետք է իրականացնեն այլ դատավորներ, իսկ գործերը քննեն այլ դատավորներ: Մեխանիզմ, որը տարիներ շարունակ կիրառվել է տարբեր երկրներում եւ տվել իր արդյունքը, մեխանիզմ, որն ըստ էության սատարում էին եւ դատական իշխանության ներկայացուցիչները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

– Ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք այդ առումով նախագահի գործողություններում:

– Ես միշտ լավատես եմ, փորձում եմ միտումներ չորոնել եւ պարզապես պետք է ասեմ, որ դատական բարեփոխումների գործընթացի շրջանակներում մենք, ցավոք, բախվում ենք եւ նախկինում բախվել ենք խոչընդոտների, ինչը լավ չէ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930